Այսօր առավոտյան Երևանի Ֆրանսիայի հրապարակից ընդդիմադիրները քայլերթով ուղղվեցին դեպի Բաղրամյան 26` արտասահմանյան պատվիրակություններին իրենց խոսքը հասցնելու համար:
Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, սակայն, նրանք հանդիպեցին ոստիկանական պատնեշին և չկարողացան շարունակել իրենց երթը:
Որոշ ժամանակ անց ցուցարարները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ՝ հստակեցնելու հետագա անելիքները:
Հայաստանի նախագահի նստավայրում է անցկացվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով։ Ընդդիմադիրները պայքարը սկսել են Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
Անհնազանդության ակցիաների կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց խոսքը պետք է հասանելի դարձնեն Երևան ժամանող յուրաքանչյուր պատվիրակության:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիրները ԱԳՆ-ի մոտ են՝ «հստակ ուղերձ ունեն Լավրովին»