Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Պաշտպանության մասին» ու կից օրենքներում փոփոխությունների փաթեթին, իսկ Ազգային ժողով դրանք ներկայացնելու են՝ որպես անհետաձգելի։
Հենց այս փոփոխությամբ Փաշինյանի կաբինետը ուզում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, որը սահմանադրությամբ զինվորական ամենաբարձր պաշտոնյան է, դարձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բայց նաև որ նա չլինի նախարարին փոխարինող անձը։ Սովորաբար առաջին տեղակալն է փոխարինում գերատեսչության ղեկավարին։
Նախաձեռնությունը քննադատող պաշտպանության նախկին նախարար, այժմ խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցությունը ղեկավարող Սեյրան Օհանյանն ասում է՝ պաշտպանության նախարարը քաղաքացիական է, քաղաքական թիմի անդամ, իշխանությունը այս փոփոխությամբ քաղաքականացնում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։
«Կարևոր և առանցքային դրույթները, ըստ էության, երկուսն են, որ Գլխավոր շտաբի պետը դառնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, և երկրորդը, որ գնումների ամբողջ համակարգը իրականացվում է Պաշտպանության նախարարության կողմից: Այսինքն Գլխավոր շտաբը գնումներով չի զբաղվում, Գլխավոր շտաբը զբաղվում է բացառապես իր գործառույթներով, նկատի ունեմ Զինված ուժերի համար նախատեսված գործառույթներով», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԳՇ պետը կենթարկվի պաշտպանության նախարարին․ Կառավարությունը փոփոխություն է նախատեսումԱռաջարկվող փոփոխությամբ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է հանդիսանալու ի պաշտոնե: Բայց նա չի լինելու նախարարին փոխարինող առաջին տեղակալ, ենթադրաբար, նրա բացակայության ժամանակ։
Գլխավոր շտաբի պետերը Փաշինյանի իշխանության տարիներին ամենաշատն են փոփոխվել՝ չորս անգամ։ Պատերազմից հետո նախկին պետերից մեկը՝ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ արվեց, երբ պահանջեց վարչապետի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ դա ռազմական հեղաշրջման փորձ որակեց, նույն պաշտոնում երկու անգամ նշանակվել և ազատվել է նաև շտաբի վերջին պետը՝ Արտակ Դավթյանը, նա էլ մեղադրյալ է անպիտան հրթիռների քրեական գործով։
Ի՞նչն են փոխում, եթե ոչ պատերազմական ժամանակ Սահմանադրությամբ Գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին: Մինչ կառավարությունը հիմնավորում է, թե փոփոխությունն անում են բանակի ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով, նաև՝ Զինված ուժերում խոստացված բարեփոխումների շրջանակներում, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է՝ Փաշինյանի իշխանությունը նաև հոգեբանական խնդիր է լուծում՝ իրեն ավելի վստահ զգալու համար։
«Քանի որ իշխանության են եկել անգործ անձնավորություններ, իրենք չեն իմացել՝ ինչպես խնդիրները առաջադրեն Գլխավոր շտաբին, ինչպես պահանջեն, ինչպես օգտագործեն Գլխավոր շտաբն ընդհանուր պաշտպանական քաղաքականության մեջ, ինչպես քաղաքացիական վերահսկողություն իրականացնեն, այդտեղ կառավարման առումով խնդիր է առաջացել: Հիմա ուզում են ասել՝ Գլխավոր շտաբի պետը նախարարի առաջին տեղակալն է, որ ասեն՝ իմ տեղակալն է, բայց իրականում և՛ 2008 թվականից, և՛ մինչև այդ, և՛ 2018 թվականից, և՛ այս գործող «Պաշտպանության մասին» օրենքով այդ հրամանատարական ուղղահայացի մեջ Գլխավոր շտաբը ենթարկվում է պաշտպանության նախարարին», - ընդգծեց Օհանյանը:
Ինչ վերաբերում է գնումներին. Գործող օրենքով ՊՆ-ը պատվիրում և ֆինանսավորում է զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնումները, փոփոխությամբ՝ «պատվիրել» բառը առաջարկել են փոխարինել «իրականացնելով»։
«Ոչ միայն խոսքը վերաբերում է գնման գործընթացին, այլ վերաբերում է ողջ ապահովմանը: այսինքն ըստ էության մենք պարզ լեզվով կարող ենք նշել, որ Զինված ուժերը պիտի զբաղվեն միայն այն գործով, որ վերապահված է նրանց՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները, զբաղվել մարտական պատրաստությամբ, այսինքն այն ամենով, որը բարձրացնելու է մեր բանակ մարտունակությունը: Այլ խնդիրները պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարության վարչությունների կողմից, հիմնականում քաղաքացիական, որի արդյունքում Զինված ուժերի մեր գործընկերները կունենան ավելի շատ ժամանակ զբաղվելու իրենց առաքելությամբ», - ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Պաշտպանության նախկին նախարար Օհանյանն ասում էր՝ իր համար անհասկանալի է՝ ինչ փոփոխություն են ուզում անել, պնդում էր՝ Գլխավոր շտաբը նախկինում էլ գնումներ չի իրականացնել։
«Իմ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է Գլխավոր շտաբը 16 թվականից կամ 18 թվականից հետո զբաղվել մատակարարմամբ, երբ «Պաշտպանության մասին» օրենքով դրանով պետք է զբաղվի Պաշտպանության նախարարը, ոչ թե Գլխավոր շտաբը: Իմ համար պարզ չի, որովհետև արանքում ինչ-որ մի բան իրենք փոխել են առանց հասկանալու, որ օրենքն ինչ է», - ասաց նախկին նախարարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկ ամսից ավելի է՝ ԶՈւ Գլխավոր շտաբը ղեկավար չունիԳրեթե 4 ամիս Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակում չնախաձեռնող իշխանությունը հայտարարել է՝ պետ կնշանակվի օրենքի փոփոխությունից հետո։ Դա նշանակում է՝ հետպատերազմական երկրում զինվորական ամենաբարձր պաշտոնը մոտ ապագայում էլ թափուր կմնա։
Եթե նախագիծը առաջիկա օրերին հասնի խորհրդարան, այն դեռ պետք է դրվի շրջանառության մեջ, պատգամավորներին էլ նախքան քննարկումը 2 շաբաթ տրվի գրավոր առաջարկների համար։
Your browser doesn’t support HTML5