Բաքուն արձագանքել է Փառուխի վերաբերյալ Լավրովի հայտարարությանը

Բաքուն արձագանքել է Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, որ Փառուխը գտնվում է Խոջալուի շրջանում և «կապ չունի Հայաստանի հետ սահմանազատման հարցի հետ»։

«Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունն ունի երկու երկրների պետական սահմանների սահմանազատման նպատակ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ այս գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ կապված այն տարածքների հետ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Ավելի վաղ Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին Լավրովն անդրադարձել էր Փառուխ գյուղի հարցին՝ ասելով. «Ինչ վերաբերում է [Փառուխի շուրջ] իրավիճակին, ապա ռուսաստանցի զինվորականների համար այն իրենց առաջնահերթություններից մեկն է, և մեր հայ ընկերները այդ մասին շատ լավ տեղյակ են։ Այնտեղ արդեն իսկ որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի դեէսկալացիայի առումով, և մեզ մոտ ընկալում կա, որ սահմանազատման՝ արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կքննարկվեն և անպայման կլուծվեն»։

Երկուսուկես ամիս է անցել, ինչ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական զինուժը նոր դիրքեր գրավեց գյուղի ուղղությամբ՝ նաև զբաղեցնելով կարևոր նշանակություն ունեցող հարակից Քարագլուխ բարձունքի մի մասը։