Ազատանցի ֆերմեր Գևորգ Աբրահամյանը, որն անցած տարի համագյուղացիների հետ պարբերաբար ճանապարհներ էր փակում՝ իշխանություններից ոռոգման ջուր պահանջելով, այս տարի հույս ունի, որ խնդիրը չի կրկնվի։
Տեսել է, որ Շիրակի մարզի գյուղերի մեծ մասի ոռոգումն ապահովող Կառնուտի ջրամբարում այս տարի ավելի շատ ջուր է կուտակվել. - «Քանի որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է նկատվել, համայնքի բոլոր բնակչությունը միաժամանակ ուզում են, որպեսզի կարողանան իրենց հողատարածքները ոռոգեն։ Ջրամբարները բավականին ջրի պաշարներով ապահովված են, էս պահին խնդիր չեմ տեսնում։ Ե' վ Կառնուտի ջրամբարում, և' Արփիի ջրամբարում խնդիրներ չկան։ Ջրի կուտակված պաշարները նորմալ են։ Ուղղակի եղանակը որ մի քիչ բարենպաստ լինի, անձրևներ լինեն, մենք խնդրի առաջ չենք կանգնի»։
Շիրակի մարզում ոռոգման սեզոնը մեկ շաբաթ առաջ է սկսվել։ Գյուղոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ ջրամբարներում բավարար չափով ջուր կա։ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանն ասում է՝ անցած անջուր տարին աչքի առաջ ունենալով Կառնուտի ջրամբարում մեկ ամիս շուտ են սկսել ջուր կուտակել. - «Նախորդ տարի խնդիրը հիմնականում Կառնուտի ջրամբարից սնվող հողատարածքներում էր ոռոգման խնդիրը։ Այս տարի Կառնուտի ջրահամալրման գործընթացը սկսվել է նախորդ տարվա համեմատությամբ մեկ ամիս շուտ։ Այս պահի դրությամբ Կառնուտի ջրամբարում ունենք 16,1 միլիոն խորանարդ մետր կուտակված ջուր, որը բավարար է ցանքատարածությունների ոռոգումը իրականացնելու համար»։
Մարզի գլխավոր գյուղատնտեսն հավաստիացնում է, որ ոռոգման ջուրը բոլորին կհասնի. - «Բավարար քանակի ջուր ունենք։ Նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարի տեղումնաբեր էր մայիս ամիսը։ Մենք մայիսին ոռոգում չենք իրականացրել, նոր է մեկնարկել ոռոգման սեզոնը։ Կարծում եմ, էս տարի ոռոգման ջրի պակաս չենք ունենալու»։
35 բնակավայր, այդ թվում Ազատանը ընդգրկող Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանի կարծիքով, սակայն, ոռոգման սեզոնին որոշակի խնդիր կառաջա, քանի որ գյուղացիները հացահատիկի փոխարեն ավելի շատ կարտոֆիլ են ցանել, իսկ կարտոֆիլն ավելի շատ ջուր է պահանջում. - «Մի քիչ մտավախություն կա։ Կարտոֆիլի ցանքատարածություններն են աճել՝ կապված շուկայական գների հետ։ Դա նաև ավելի շատ ջուր պահանջող կուլտուրա է։ Եթե կանխատեսումները ճիշտ լինեն, իմ կարծիքով, անցած տարվա չափ ջուր չենք օգտագործելու, որովհետև անցած տարի կարտոֆիլի ցանքատարածությունները յոթ-ութ անգամ ոռոգում էր պահանջում։ Միգուցե էս տարի կարողանանք երեք-չորս անգամով սահմանափակվենք՝ կապված եղանակային պայմանների և սեզոնի հետ»։
Անցած տարվա երաշտից ամենաշատը մարզում տուժել էին հենց ազատանցիները, որոնք հիմնականում հացահատիկ ու կարտոֆիլ են մշակում։ Նրանք նաև ջրի բաշխման մեխանիզմն են խնդրահարույց համարում։
Գյուղացիները միաժամանակ են ցանկանում ոռոգում անել, բայց ջուրը համայնքներ հերթով է հասնում, ինչից էլ վեճեր են առաջանում, թե ով է առաջինը ջրելու:
Ֆերմեր Գևորգ Աբրահամյանը իր տարբերակն է առաջարկում. - «Քանի որ ջրանցքները համապատասխան քանակությամբ ջուր չեն կարող բերել-հասցնել սպառողին, խնդիրը էդտեղ է առաջանալու։ Ջրանցքներում մենք լուրջ խնդիրներ ունենք, մի քանի տարի է էդ հարցը, էդ խնդիրները մենք բարձրացնում ենք, որ կարողանանք լուծել, ներդրումներ, ծրագրեր բերենք, ջրանցքներում կապիտալ վերանորոգումներ կատարենք։ Նույնիսկ փոքր ջրամբարներ... ջրանցքների հարակից տարածքներում կան պայմաններ, գոտիներ կան, որտեղ կարելի է փոքր ջրամբարներ կառուցել, որպեսզի կուտակված ջուրը ժամանակին տեղ հասնի սպառողին»։
Մարզի ջրամբարներում այս պահին կուտակված ջուրը 10 մլն խորանարդով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարում թեև 400 մլն խորանարդ ոռոգման ջուր կա, բայց շիրակցի հոգագործները դրանից չեն օգտվում։ Հայ-թուրքական սահմանին գտնվող ջրամբարի ջրով Արարատյան դաշտավայրի ու Թուրքիայի դաշտերն են ոռոգվում։
Your browser doesn’t support HTML5