Կառավարությունը մտադիր է առաջիկայում ևս համայնքներ խոշորացնել, Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների քննարկման ընդառաջ այսօր խորհրդարանում լսումներ անցկացվեցին։
Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարեց՝ առաջարկում են, որ Արագածոտնի մարզի Թալին համայնքին միանա Արագածավանը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակին՝ Շողականը, Լոռու մարզի Ալավերդի համայնքին միանան Շնողն, Օձունն, ու Աղթալան, հենց այս նույն մարզի Տաշիր համայնքին էլ Մեծավանն ու Սարչապետը միանան, իսկ Սյունիքի մարզում Սիսիան համայնքն իր մեջ կներառի նաև Գորայք համայնքը։
Պաշտոնյան օրինակներով խոսեց՝ ասաց, Արմավիր մարզը 2019-ին 768 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել, խոշորացումից հետո այդ թվերն, ըստ նրա, աճել են. «2020 թվականին՝ 2 միլիարդ, 2021 թվականին՝ 3,76 միլիարդ, խնդրում եմ ուշադիր, 2022 թվականի համար մենք 6,2 միլիարդ դրամի ծրագիր ունենք Արմավիրի մարզից ներկայացրած: Այսինքն՝ եթե համարենք, որ կեսը պետք է պետության համաֆինանսավորումը լինի, կստացվի, որ 3,1 միլիարդի Արմավիրի համայնքները կարողացել են ռեսուրս կոնսոլիդացնել ու ծրագիր ներկայացնել, հիմա դրա վրա եթե մեկ անգամ էլ պետությունը, ենթադրենք, բազմապատկում է, սա արդեն շատ էական ներդրում է համայնքների ենթակառուցվածքների բարելավման, փոփոխման, ընդարձակման համար: Բոլոր մարզերում պատկերը նույնն է», - նշեց Տերտերյանը:
2015-ից մինչև այսօր՝ 908 համայնք Հայաստանում միավորվել ու դարձել են 79-ը։ Խոշորացման ծրագիրը, սակայն, որոշ համայնքներում դժգոհության առիթ էր դարձել, օրինակ՝ Գեղարքունիքի Ծովագյուղ համայնքը դեմ էր Սևանին միանալուն, գյուղացիներն անգամ ճանապարհ էին փակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծովագյուղի ու Սեմյոնովկայի բնակիչները գրեթե ամբողջ գիշեր փակ են պահել Սևան-Դիլիջան մայրուղինՏԿԵՆ փոխնախարարն այսօր ասաց՝ մտավախությունները, որ համայնքը կզրկվի իր բյուջեից՝ անտեղի են, հակառակը՝ խոշորացված համայնքները ֆինանսական մեծ հոսք են ունենում, կարողանում են կարևոր խնդիրներ լուծել։ Թալինի ավագանու անդամներից Լուսինե Ավագյանն իրենց փորձից խոսեց, ասաց, նախկինում փոքր համայնքների սղության պատճառով չէին կարողանում լուծել համայնքին կենսական կարևորություն ունեցող խնդիրներ, չէին բարեկարգվում ճանապարհները, փոքր ու անգամ միջին համայնքներում չէին գործում մշակույթի տները, մանկապարտեզները և այլն։ Խոշորացված համայնքի ղեկավարներն էլ, ըստ Լուսինե Ավագյանի, այսուհետ կդառնան ավելի քիչ կառավարելի:
«Խոշորացված համայնքը կարող է վարել ավելի ինքնուրույն ներքին քաղաքականություն՝ ելնելով իր բնակլիմայական ու ժողովրդագրական պայմաններից: Եվ խոշորացված համայնքի ղեկավարի սուբյեկտայնությունը հնարավոր չէ համեմատել փոքր բնակավայրի գյուղապետի սուբյեկտայնության հետ», - ընդգծեց Ավագյանը:
Այս օրերին, սակայն, տարբեր համայնքներից մտահոգություններ են հնչում, թե սա նախևառաջ քաղաքական նպատակ ունի, խոշորացումից հետո ընտրություններ պետք է լինեն և մտավախություններ կան, որ իշխանությունը փորձում է իր թեկնածուներին առաջ տանել։ Խորհրդարանում, սակայն, այս մասին ոչ ոք չխոսեց։
«Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ-ի ներկայացուցիչ Անուշ Պետրոսյանն առաջարկեց դրական կողմերից բացի խնդիրներից խոսել։ Ասաց՝ բնակիչները պատշաճ չեն տեղեկացել, թե ինչ է իրենից ներկայացնում խոշորացումը։
«Ասել էին, եթե դեմ եք հանրաքվե կարող եք անել, եթե որոշեք, որ ոչ՝ ձեր ձայնը հաշվի չեն առնելու», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Պետրոսյանն ու որպես օրինակ չլուծված մեկ խնդիր նշեց, - «2020 թվականից Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրը չունի հանրային տրանսպորտ, համայնքի ուսանողները ունեն լուրջ խնդիր ապահովելու իրենց տրանսպորտային կապը Վանաձոր համայնքի հետ և ստանալ կրթություն: Երբ որ մենք խոսում ենք ինչ-որ վեհ գաղափարների մասին, պետք է նախևառաջ մինիմալ որոշակի ապահովվածություններ ապահովենք մեր համայնքի ու մեր բնակիչների համար: Այն, ինչ արվում է իրականում, պիտի որ նպաստի մեր բնակիչների ավելի լավ կյանքին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անձնական ու քաղաքական շահեր առաջ տանելու փոխադարձ մեղադրանքներ խոշորացված համայնքներն է՛լ ավելի մեծացնելու նախագծի շուրջԱլավերդուն միացող Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանը տրամաբանական չի համարում խոշորացված համայնքները ևս մեկ անգամ խոշորացնելը։ Համայնքն, ըստ նրա, համաչափ զարգանում է, ասֆալտապատումները շարունակվում են, վերակառուցվում ու նորոգվում են սպորտային մարզադաշտեր, դպրոց-մանկապարտեզ, այգի ու պուրակ, ի՞նչ է պակասում հարցրեց նա:
«Ցանկացած համայնքի ղեկավար որոշակի չափով ֆիզիկապես ի վիճակի չի լինելու ամբողջությամբ, ոնց որ հիմա է կատարվում էս աշխատանքը, անել մեծ, խոշորացված համայնքում: Համայնքները, որոնք խոշորացվել են, իրենք իրենց հարցեր արդեն իսկ լուծել են, կարելի է թողնելու համայնքների զարգացումն ապահովելուն հետագայում նաև», - ասաց Թամազյանը:
«Այո, համայնքի ղեկավարների կյանքը բարդացել է, որովհետև մեկի փոխարեն հիմա մի քանի համայնքի համար են պատասխանատու: Այս ծրագիրը նաև դրա համար ենք անում, որ մանր խնդիրներից զատ մասշտաբային հարցերի վրա կենտրոնանան», - ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց տարածքային կառավարման փոխնախարարը։