Եթե Ուկրաինան համաձայնի ականազերծել իր վերահսկողության տակ գտնվող նավահանգիստները, Ռուսաստանը պատրաստ է երաշխիքներ մշակել առ այն, որ Կիևի այդ քայլը Մոսկվայի կողմից չի օգտագործվի «հատուկ գործողության» ընթացքում: Այսօր Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարայում մեկնարկել է Լավրով - Չավուշօղլու հանդիպումը
Դրա հետ մեկտեղ, ռուսական դիվանագիտության ղեկավարը պնդել է, որ ուկրաինական հացահատիկի՝ նավահանգիստներում արգելափակված լինելու փաստը համաշխարհային պարենային անվտանգության վրա որևէ կերպ չի ազդում։ «Ուկրաինայում աճեցված հացահատիկի մասնաբաժինը չի գերազանցում համաշխարհային արտադրության 1 տոկոսը», - հայտարարել է Լավրովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աքար․ «Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի առաքման շուրջ բանակցություններում առաջընթաց է նկատվում»
Խոսելով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հնարավոր բանակցությունների մասին՝ Լավրովը նշել է, որ նման հանդիպմանը պետք է նախորդեն երկու երկրների պատվիրակությունների բանակցությունները։ «Գնդակը Ուկրաինայի դաշտում է», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Զելենսկու համար այդ հանդիպումն ինքնանպատակ է։ Բացի այդ, նա անընդհատ փոխում է իր տեսակետը։ Նա բազմիցս հայտարարել է, որ բանակցությունները կվերսկսվեն, եթե ռուսները զորքերը հետ քաշվեն փետրվարի 24-ին գոյություն ունեցած գծից այն կողմ։ Դա բացարձակ անլուրջ մոտեցում է։ Բացի այդ, այն հակասում է այստեղ՝ Ստամբուլում, մարտի 29-ին ուկրաինական կողմից առաջ քաշված նախաձեռնություններին», - հայտարարել է Սերգեյ Լավրովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավարտվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը՝ Ղրիմ, Դոնբաս, անվտանգության երաշխիքներ