Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը երեկ աշխատանքային այցով մեկնել է Անկարա, որտեղ այսօր կբանակցի թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, երկու նախարարները քննարկելու են ուկրաինական ճգնաժամը և ռուս-ուկրաինական բանակցությունները վերսկսելու հեռանկարը:
«Ռուսական կողմը թուրք գործընկերներին տեղեկություններ կփոխանցի Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի ընթացքի և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլերի մասին», - հայտնել են Սմոլենսկայա հրապարակից՝ Ռուսաստանից ԱԳՆ-ից:
Նախարարության աղբյուրը նշել է, որ Լավրովը և Չավուշօղլուն կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Սևծովյան տարածաշրջանում:
Հատուկ անդրադարձ կլինի Սիրիայի հարցով Նուր-Սուլթանում առաջիկայում կայանալիք միջազգային խորհրդաժողովին և մայիսի 28-ից հունիսի 4-ը Ժնևում կայացած Միջսիրիական սահմանադրական կոմիտեի 8-րդ նիստի արդյունքներին:
Թուրքական կողմը ոչ միայն փորձում է միջնորդել ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում, այլև նպաստել Ուկրաինայի նավահանգիստներում ամբարված հացահատիկի հսկակայան պաշարները դուրս հանելու և համապատասխան երկրներ հասցնելու դժվար խնդրի լուծմանը:
Ըստ Անկարայի, Սև ծովով «հացահատիկային միջանցքի» ապահովումը 80-90 տոկոսով համաձայնեցվել է: Այդ մասին ասել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին:
Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այս շաբաթվա ընթացքում Ստամբուլում են քննարկելու այդ հնարավորությունը: Կողմերը սպասում են ռուսների պաշտոնական արձագանքին, ինչից հետո կորոշվի և կհրապարակվի քառակողմ հանդիպման օրը:
«Հացահատիկային միջանցքի» թեման էլ կլինի Լավրովի և Չավուշօղլուի բանակցությունների օրակարգում:
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ցորենի փոխադրումը միջազգային շուկաներ էապես խափանվել է, քանի որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանն այդ գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային մատակարարներ են: Վտանգվել է նաև Ուկրաինայից բուսական յուղի արտահանումը:
ՄԱԿ-ի մասնագտների փոխանցմամբ, այս պատերազմը կարող է սով առաջացնել աշխարհի մի շարք շրջաններում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդը մայիսի 21-ին հայտնել է, որ աշխարհում ցորենի պաշարը բավական է ընդամենը 10 շաբաթվա համար:
Ռուսաստանը պնդում է, որ պարենի ճգնաժամը սկսվել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայից» առաջ, և դրա պատճառներն են կորոնավիրուսի համավարակը, արևմտյան երկրների սխալ հաշվարկները և Արևմուտքի սահմանած պատժամիջոցները: