Պատերազմից հետո տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար հնարավորության պատուհան է բացվել, - այսօր Անկարայում կրկին հայտարարել է իր ադրբեջանցի գործընկերոջը հյուրընկալած Թուրքիայի արտգործնախարարը:
«Հուսով ենք, որ այդ հնարավորությունը բաց չի թողնվի: Թուրքիան աջակցում է այս ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերին», - հավելել է նա:
Բարեկամ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, որին հրավիրված էին նաև նախկին խորհրդային մի շարք երկրների դեսպաններ ու դիվանագետներ, Մևլյութ Չավուշօղլուն ողջունել է միջոցառմանը հրավիրված ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովին և ընդգծել է, թե Միջին Ասիայի և Հարավային Կովկասի բարգավաճմանը նպաստելը Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքներից է:
Ադրբեջանի արտգործնախարարն էլ խոսել է թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերություններից՝ նշելով, որ անցած տարի կնքված «Շուշիի հռչակագրով» այդ հարաբերությունները դաշնակցային մակարդակի հասան։
Բայրամովը հայտարարել է, թե Թուրքիա-Ադրբեջան դաշինքը քաղաքական և տնտեսական մեծ ներուժ ունի և ծառայում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը. - «Տարածաշրջանային համատեղ խոշոր ծրագրերի իրականացմամբ, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ Ադրբեջանն ու Թուրքիան դարձել են էներգետիկ և լոգիստիկ կենտրոններ»:
Բայրամովը հիշեցրել է վերջին տարիներին Թուրքիայի հետ իրականացրած նավթագազային և երկաթուղային նախագծերի մասին և դրանց շարքում վերստին նշել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»:
Օրերս նաև Ադրբեջանի նախագահն էր հայտարարել, թե Բաքուն կարևորում է «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը ոչ միայն որպես բեռների տարանցիկ ճանապարհ, այլ նաև ծրագրում է այդ երթուղով ադրբեջանական գազը արտահանել Եվրոպա:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների զարգացումից բացի, նաև հաջողությամբ բազմակողմանի ծրագեր կյանքի կկոչեն ամենատարբեր հարթակներում: Նա նաև երախտագիտություն է հայտնել Թուրքիային հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ ամեն հարթակում Ադրբեջանի կողքին լինելու համար. - «Երբ Թուրքիան ուժեղ է, նշանակում է Ադրբեջանն էլ է ուժեղ»:
Ադրբեջանի արտգործնախարարը երեկվանից Թուրքիայում է: Նախօրեին նա Անկարայում Մևլյութ Չավուշօղլուի հետ միասին դիտել է Թուրքիայի վոլեյբոլի կանանց ազգային հավաքականի խաղը Բելգիայի ընտրանու հետ: Այսօր նաև եռակողմ հանդիպում է կայանալու Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարների միջև: