Եվրոպական երեք երկրներ փակել են իրենց օդային տարածքը Լավրովի օդանավի համար

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի օդանավի համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սերբական «Վեչերնե նովոստի» թերթի հրապարակումը:

Այդպիսով, ըստ սերբական պարբերականի, Լավրովի՝ հունիսի 6-7-ը ծրագրված այցը Սերբիա «մեծ հարցականի տակ է հայտնվել, սակայն դրանում չկա պաշտոնական Բելգրադի մեղքը»:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի վարչակազմը դեռ չի մեկնաբանում իրավիճակը: Նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ վաղը Վուչիչի հետ հանդիպելու է Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Սերբիա կատարելիք այցի մասին ուրբաթ օրը հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: