Փաշինյանը շնորհավորել է Ջոնսոնին Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում, որի տեքստը հրապարակել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունը, մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա և նրա գահակալման Պլատինե հոբելյանի առթիվ:

Այս տարին խորհրդանշական է նաև հայ-բրիտանական հարաբերությունների համար, քանի որ 30 տարի առաջ մենք սկիզբ դրեցինք հայ-բրիտանական միջպետական հարաբերություններին՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա:

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ նախորդ երեք տասնամյակների ընթացքում ձևավորված հարաբերությունները և բարձր է գնահատում Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդմանը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիների ընթացքում կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր պետությունների և բարեկամ ժողովուրդների»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր մեկնարկում է Եղիսաբեթ երկրորդի «պլատինե հոբելյանը»