Այս տարվա հունիսի 2-ը Մեծ Բրիտանիայում և ընդհանրապես ամբողջ անգլախոս աշխարհում բացառիկ օր է՝ մեկնարկում է Եղիսաբեթ երկրորդի «պլատինե հոբելյանը»:
Զարմանալի և տառացիորեն աննախադեպ երևույթ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհին 70 տարի առաջ է թագադրվել:
Երբ 10 տարի առաջ՝ 2012 թվականին Բրիտանիայում մեծ շուքով, շքերթներով, զորահանդեսներով, զանգվածային միջոցառումներով ու տոնական համերգներով նշում էին Եղիսաբթ երկրորդի «ադամանդե հոբելյանը»՝ թագադրության 60 տարին, այն ժամանակ էլ բոլորը բացականչում էին «աննախադեպ, բացառիկ ռեկորդ»:
Եղիսաբեթ երկրորդը թագուհի է հռչակվել հոր՝ թագավոր Ջորջ 6-րդի մահվան օրը, 1952 թվականի փետրվարի 6-ին: Բուն թագադրության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1953-ի հունիսի 2-ին:
Վեց տարի առաջ Եղիսաբեթ երկրորդը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերկարակյաց միապետը: Հիմա նա 96 տարեկան է:
Թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպ Մաունթբեթենը, մահացել է անցյալ տարվա ապրիլի 9-ին՝ 99 տարեկանում:
Ըստ Reuters լրատվական գործակալության, երեկվանից մեծ թվով բրիտանացիներ և աշխարհի տարբեր երկրներից հատուկ հոբելյանի կապակցությամբ Լոնդոն ժամանած հյուրեր հավաքվում են թագավորական ընտանիքի նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի մոտ: Այստեղ նախատեսված են բազում հանրային միջոցառումներ:
«Թագուհին է այն մեծը, ինչ կա Մեծ Բրիտանիայում, առանց թագուհու չկա Բրիտանիա, նա հրաշալի է այս դերում, նա պաշտպանում է այն ամենը, ինչով ես հպարտ եմ, թագադրության օրը նա երդվել է Աստծո առաջ ծառայել ժողովրդին և չի ուրացել խոստումը», - ասել է Քորնուելից թոշակառու Մերի-Ջեյն Ուիլոուզը:
«Նա օրինակ է կանանց և տղամարդկանց համար, նա հրաշալի լիդեր է, ուզում եմ այստեղ տոնել նրա գահակալության 70 տարին», - ասել է ԱՄՆ-ից Լոնդոն ժամանած թոշակառու Դոննա Վերները:
Մեծ Բրիտանիայում հատկապես ավագ սերնդի մարդիկ համակրում են թագուհուն՝ նրան համարելով անաչառ լիդեր, ով կոչված է քաղաքական անկողմնակալ կեցվածքով միավորել հպատակներին և բարոյական կերպարով օրինակ ծառայել սերունդների համար:
Թագուհու զավակների և Վինձորների դինաստիայի մնացյալ ներկայացուցիչների հանդեպ հպատակների կողմից այդչափ ընդգծված միասնական հարգալից վերաբերմունք թերևս չկա:
Թագաժառանգն Ուելսի արքայազն Չարլզն է: Վերջերս անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ բրիտանացիների մեծ մասը կցանկանար, որ հաջորդը գահ բարձրանա Չարլզի որդին՝ Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը: