Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ եթե Ուկրաինան Արևմուտքից ստանա հեռահար հրթիռներ, ապա «Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք դեռևս հարվածների չեն ենթարկվել»:
«Ռոսիա1»-ին տված հարցազրույցն առաջինն է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի սկսած լայնածավալ հարձակումից հետո, որը Մոսկվայում անվանում են «հատուկ ռազմական գործողություն»: Նախօրեին հեռուստաալիքը սոսկ մեկ հատված է հեռարձակել հարցազրույցից, որն ամբողջությամբ այսօր կցուցադրվի:
Պուտինն իր այդ հնչեցրած սպառնալիքներով արձագանքել է Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրելու Միացյալ Նահանգների որոշմանը:
Նա ասել է, թե այդ մատակարարման հարցում որևէ նոր բան չկա, քանի որ Ուկրաինան արդեն ունի խորհրդային արտադրության նման զինատեսակներ, սակայն եթե դրանց ավելացվեն հրթիռներ, որոնց հեռահարությունը 45-70 կիլոմետրից ավելին է, «ապա Ռուսաստանը եզրակացություններ կանի»:
Պուտինը չի հստակեցրել, թե Ուկրաինայում որ թիրախներին կարող է հարվածել ռուսական կողմը: Նրա խոսքով, «զենք տալով Ուկրաինային՝ Արևմուտքը փորձում է ձգձգել այս հակամարտությունը»:
Միացյալ Նահանգները որոշել է Ուկրաինային տրամադրել HIMARS տեսակի (High Mobility Artillery Rocket System) բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ընդգծելով, որ Ուկրաինան այդ զենքով չպետք է հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքին:
Դրանց հեռահարությունը մինչև 80 կիլոմետր է, սակայն որոշ փոփոխությունների և համապատասխան զինամթերքի կիրառման դեպքում հեռահարությունը հնարավոր է հասցնել 300-500 կիլոմետրի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հայտնում է Ուկրաինայի 20 տոկոսի օկուպացման մասին, ԱՄՆ-ը` նոր սպառազինություն ուղարկումՌուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին վարչապետ և նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ եթե այդ զենքով թիրախավորվի Ռուսաստանի Դաշնության տարածքը, ապա ռուսական բանակը «հարվածներ կհասցնի որոշումների ընդունման կենտրոններին», որոնց թվում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Իր Տելեգրամ ալիքում Մեդվեդևն ավելի կոշտ հայտարարություն է արել, նշելով, որ «այդ [որոշումների ընդունման] կենտրոնները գտնվում են Ուկրաինայի սահմաններից դուրս», այդպես անկարկելով, որ Մոսկվան կարող է հարվածել խնդրի մեջ ներքաշվող որևէ երրորդ երկրի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան միջոցներով Ռուսաստանի վրա կրակելու դեպքում կթիրախավորվեն որոշումների կայացման կենտրոնները. Մեդվեդև