Միացյալ Նահանգներն Ուկրաինային այնպիսի հրթիռային համակարգեր չի մատակարարի, որոնց միջոցով հնարավոր կլինի խոցել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախները։ Այսօր Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։
Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, մասնավորաբար CNN հեռուստաընկերությունն ու The Washington Post օրաթերթը, հաղորդել էին, որ ամերիկյան վարչակազմը հակված է նման զինատեսակներ տրամադրել ուկրաինական բանակին։ Խոսքը մասնավորաբար HIMARS տեսակի հրթիռային համակարգերի մասին է, որոնց գործողության շառավիղը կարող է հասնել 300 կիլոմետրի։