Եվրոպական միությունն արդեն սկսել է աշխատանքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 7-րդ փաթեթի վրա: Այդ մասին այսօր հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պավել Յաբլոնսկին:
«Սանկցիաները պետք է է՛լ ավելի սուր լինեն՝ գազի վերաբերյալ, որովհետև Ռուսաստանը կարող է դեռ այն վաճառել, SWIFT-ի վերաբերյալ, որովհետև պետք է դրանից անջատել ռուսական բոլոր բանկերը՝ ես առաջին հերթին «Գազպրոմբանկ»-ը նկատի ունեմ», - ասել է Լեհաստանի փոխարտգործնախարարը:
Յաբլոնսկու փոխանցմամբ՝ անհրաժեշտ է նաև էմբարգո տեխնոլոգիաների վրա, քանի որ Ռուսաստանը դեռ կարողանում է դրանք ստանալ և օգտագործել:
«Սանկցիաներից զատ պետք է նաև ոչ միայն սառեցնել Եվրոպայում ռուսական ակտիվները, այլև դրանք առգրավել: Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է», - ասել է Յաբլոնսկին:
Եվրամիության Խորհուրդը հունիսի 3-ին է հաստատել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթը, որով, մասնավորապես, «հետաձգված էմբարգո» է դրվում ծովային ճանապարհով ներկրվող ռուսական նավթի և նավթամթերքի վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը