Կառավարական ամառանոցի մոտ ընդդիմության ակցիան ուղեկցվել է բախումներով, հարուցվել է քրգործ

Ընդդիմության բողոքի ակցիան կառավարական ամառանոցի մոտ ուղեկցվել է բախումներով, իրավապահները կիրառել են հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ:

Ըստ Ոստիկանության, բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախքննություն։

Ինչպես ոստիկանությունն է նշում, անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, «չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ տեղեկություն ունի, որ բերման են ենթարկել նաև իրենց գործընկեր, պատգամավոր Արթուր Սարգսյանին, այս լուրը հաստատեց նաև Գեղամ Մանուկյանը, սակայն ոստիկանությունից այս մասին դեռ որևէ տեղեկություն չեն հայտնում:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ տեղի ունեցած միջադեպի հետևանքով ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 50 անձինք։ Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք։

Ըստ հաղորդագրության, տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է, իսկ մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել:

Ժամը 22։30-ի դրությամբ Առողջապահության նախարարությունը հայտնել էր բժշկական կենտրոններ դիմած 42 քաղաքացիների մասին, նրանցից 22-ը ոստիկաններ։

Հերացի համալսարանական հիվանդանոցից ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էին, որ հիվանդանոց է տեղափոխվել 27 քաղաքացի, այդ թվում՝ 21 ոստիկան, 6 քաղաքացիական անձ, որից 2-ը՝ կանայք:

Ընդդիմադիրները այսօր նախ հանրահավաք անցկացրին Ֆրանսիայի հրապարակում, ապա՝ կառավարության շենքի մոտ, երկու ժամով շրջափակեցին կառավարության շենքի մուտքերն ու ելքերը, հետո շարժվեցին կառավարական ամառանոցի մոտ, որտեղ պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա և լսի իրենց պահանջները:

Ավելի վաղ Ազգային ժողովում իշխանության ջանքերով տապալվել էր ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստը, որում ընդդիմադիրները ցանկանում էին հայտարարություն ընդունել Արցախի վերաբերյալ: Մասնավորապես ընդդիմադիրները պահանջում էին հայտարարության տեսքով արձանագրել, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Իշխանությունը բոյկոտել էր նիստը՝ հայտարարելով, որ դա կեղծ քաղաքական օրակարգ է։ Պնդում են՝ այժմ ամեն հայտարարություն կարող է սահմանափակել հայկական կողմի բանակցային հնարավորությունները:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանն ասում է՝ իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ընկած է ընդդիմադիրների վրա:

«Իրավիճակը լարված է միայն այն պատճառով, որ ընդդիմադիր թալանի փրկության շարժման առաջնորդները միայն ակնհայտ նյարդային ջղաձգումների մեջ են ու հատկապես դա վերաբերում է Իշխան Սաղաթելյանին, ում ընդամենն այսօր ասել էինք, որ մենք կարող ենք իրեն հանդիպել Ազգային ժողովում: Երբ ինքը հայտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փախած է Ազգային ժողովից, ուղղակի ստում է: Ինքը դա վերցրեց ու հանրահավաքի ժամանակ Պռոշյան փողոցում ասաց, որ «մեզ ասում են՝ դե եկեք Ազգային ժողով, ուրեմն մենք գնացինք, պիտի ճեղքենք պատը» կամ նման մի բան, բայց ակնհայտորեն տարավ բախման քաղաքացիներին, որոնք իրենց հերթին այդ ագրեսիվ ելույթներից ներշնչված քարեր ու այլ իրեր նետեցին ոստիկանների ուղղությամբ ու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ», - ընդգծեց Ալեքսանյանը: