Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության հարցերով խորհրդականի տեղակալ Լորա Լոքմանը, նրան այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է «Հարավային գազային միջանցքի» գործունեությունը, «ընդգծվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության և գազամատակարարման դիվերսիֆիկացման գործում»։ «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մեր երկրից Եվրոպա գազի արտահանման ծավալների ավելացման շուրջ», - հայտնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
«Հարավային գազային միջանցքը» կառուցվել է Եվրամիության գազամատակարարումը դիվերսիֆիկացնելու և մատակարարման մեկ աղբյուր ունեցող եվրոպական երկրների թիվը նվազագույնի հասցնելու նպատակով: Մասնագետների գնահատմամբ՝ թեև ադրբեջանական գազը կարող է օգնել Եվրամիության երկրներին հրաժարվել ռուսական գազից, ծավալները, սակայն, բավարար չեն այն ամբողջությամբ փոխարինելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի վիճակի է արդյոք Բաքուն օգնել Եվրոպային հրաժարվել ռուսական գազից