Հարավային Օսիայի նոր նախագահը կասեցրեց Ռուսաստանին միանալու հանրաքվեն

Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Ալան Գագլոևի երդմնակալության արարողությունը, Ցխինվալի, 24-ը մայիսի, 2022թ.

Հարավային Օսիայի նորընտիր նախագահը երեկ կասեցրել է Ռուսաստանին միանալու վերաբերյալ ավելի վաղ հայտարարված հանրաքվեն՝ սպասելով Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտին։

«Լիովին աջակցելով Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետագա ինտեգրման վերաբերյալ քաղաքացիների նախաձեռնությանը, ես որոշում եմ անհապաղ խորհրդակցություններ անցկացնել ռուսական կողմի հետ հետագա ինտեգրման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակի շուրջ։ Մինչև խորհրդակցությունների ավարտը կասեցնել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահի 2022 թվականի մայիսի 13-ի հրամանագիրը», - ասված է Ալան Գագլոևի հրամանագրում։

Հուլիսի 17-ին հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիրը ստորագրել էր Հարավային Օսիայի այժմ նախկին նախագահ Անատոլի Բիբիլովը այս ամսվա կեսերին՝ արդեն ընտրություններում Գագլոևին պարտվելուց հետո: Բիբիլովը պնդել էր, թե դա քայլ է դեպի ժողովրդի «ռազմավարական նպատակը», և որ Ցխինվալն այդ նպատակն իրականացնելու հնարավորություն ուներ դեռևս 2014 թվականին, երբ Ղրիմը հանրաքվեից հետո վերամիավորվեց Ռուսաստանի հետ:

Ալան Գագլոևը հանրաքվեի հարցում չի շտապում՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հիմա զբաղված է աշխարհաքաղաքական հարցերով։ «Մենք պետք է հասկանանք մեր ռազմավարական գործընկերոջը։ Հենց որ ազդանշան լինի, թե եկել է ժամանակը, այդ հանրաքվեն մենք անպայման կանցկացնենք», - ասել էր Հարավային Օսիայի նորընտիր ղեկավարը:

2008-ի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Մոսկվայի որոշումը միջազգային հանրությունը չի ընդունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու հարցով վիճահարույց հանրաքվեի օր է նշանակվել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալան Գագլոևը՝ Հարավային Օսիայի նոր ղեկավար