Ադրբեջանի նախագահը, իհարկե նաև ներքին սպառման նպատակով, շարունակում է օգտագործել միջանցք տերմինաբանությունը և փորձում է ցույց տալ, որ իրենք գնում են այդ ճանապարհով, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ շեշտելով՝ ակնհայտ է, որ հայկական կողմը դիմադրում է, փորձում է հակառակը ցույց տալ։
Նշելով, որ դիվանագիտական կոմպոնենտից բացի կա նաև խնդրի ռազմական կոմպոնենտը` ադրբեջանագետը նկատում է՝ Բաքուն ունի նաև հարացերի լուծման ռազմական սցենար և ցանկացած պահի պատրաստ է անցնել խնդրի լուծման այդ տարբերակին։
«Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարաժություններն այդ տարածքում գալիս են փաստելու, որ իրենք ունեն հնարավոր ռազմական սցենարը։ Ալիևի վերջին ելույթն էլ, որին կարծում եմ Հայաստանի արտգործնախարարը հստակ պատասխանել և արձագանքել էր՝ կարևոր շեշտադրումներով, ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանն ունի հարացերի լուծման ռազմական սցենար և ցանկացած պահի պատրաստ է ուղղակի մի կողմ դնել միջազգային իրավունք ու ցանկացած պայմանավորվածություն և անցնել խնդրի լուծման այդ տարբերակին։ Արցախյան 44-օրյա պատերազմը դրա վառ ապացույցն է», - ասաց Հայրապետյանը։
Այսօր գոյություն ունեն երկու իրարից անջատ, իրար հետ մրցակցող ֆորմատներ՝ մոսկովյան ֆորմատ և բրյուսելյան ֆորմատ, ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ նկատելով՝ ստեղծվել է մի վիճակ, երբ որ այս երկու աշխարհաքաղաքական կենտրոնները մրցակցում են թե ում ձեռքին պետք է լինեն կոնֆլիկիտի բանալիները, ով պետք է դառնա գլխավոր միջնորդը, գլխավոր խաղարարարը։
«Սա իր մեջ պարունակում է ինչպես հնարավոր մարտահրավերներ, որոնք բավականին լուրջ են իրականում, այնպես էլ հնարավորություներ», - ասաց քաղաքագետը։
Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․