Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող խորհրդարանական ընդդիմությունն այսօր շարունակեց բողոքի ակցիաները:
Նախ տեղի ունեցավ ավտոերթ Սարդարապատից Երևան, ապա Ֆրանսիայի հանրահավաքում անցկացվեց հանրահավաք:
Ելույթ ունեցավ Ազգային ժողովի դաշնակցական փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը մասնավորապես հայտարարեց. - «Ճակատագիրը մեզ չի թողնում այլընտրանք: Այս պայքարը այ ժողովրդի գոյության կռիվն է, արժանապատվության կռիվ է, նամուսի կռիվ է, պետականության ու հայրենիք ունենալու կռիվ է: Հետևաբար՝ սա սրբազան կռիվ է, և այս պայքարը ավարտվելու է մեր հաղթանակով»:
«Մենք այս ընթացքում մեր բարեկամ երկրներին, թշնամիներին, ամբողջ աշխարհին ի ցույց դրեցինք և փաստեցինք. առաջին՝ հայ ժողովուրդը ծնկի չի եկել և պատրաստ է պայքարել իր հայրենիքի համար, հաջորդը՝ հայ ժողովուրդը չի ընդունում օրվա իշխանության՝ կտոր-կտոր հայրենիքը հանձնելու քաղաքականությունը: Նիկոլը չունի ժողովրդի կողմից մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու: Մենք միասին փաստեցինք, որ ժողովրդին խաբելով իշխանության ղեկին հայտնված անձը այլևս ժողովրդի կողմից չունի աջակցություն, նա լեգիտիմ չէ», - պնդեց ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը:
Սաղաթելյանն ասաց, որ առաջիկա շաբաթվա անելիքների մասին կխոսի ավելի ուշ, երբ երթից հետո կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ:
Նա նշեց, որ այս ընթացքում իրենք հսկայական աշխատանք են կատարել, սակայն դեռևս չեն ասել գլխավոր նպատակին՝ Փաշինյանի հրաժարականին և Կառավարության փոփոխությանը: Դրա հասնելու համար, ըստ Սաղաթելյանի, պետք է ճնշումը մեծացնեն, գնալու են տուն առ տուն, բոլորի դիրքորոշումը լսելու են, հասկանալու են:
Ընդդիմադիրներն ընդգծեցին, որ իրենց պայքարը չի դադարելու, շարունակական բնույթ է կրելու, մինչև հասնեն իրենց նպատակին:
Ապա մեկնարկեց քայլերթը, որից հետո ցուցարարները վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ: