Ադրբեջանի նախագահի մայիսի 27-ի հայտարարությունները «ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին», - հայտարարում է պաշտոնական Երևանը:
«Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարությունում:
Նախարարությունը հարկ է համարում վերահաստատել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը»։
«Ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է։
Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ 1995 թվականին ստացած միջազգային մանդատը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը, շարունակում է գոյություն ունենալ:
Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում ընթացող քննարկումները», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին և ակնկալում միջազգային գործընկերների միանշանակ վերաբերմունքի արտահայտումը, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի հասնել կայունության և խաղաղության Հարավային Կովկասում», - ասված է հայտարարությունում: