Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ, հայտարարել, որ Մոսկվան «պատրաստ է» քննարկել Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը:
«Ռուսաստանը պատրաստ է օգնելու գտնել հացահատիկի անարգել արտահանման տարբերակներ, այդ թվում՝ ուկրաինական հացահատիկի արտահանումը սևծովյան նավահանգիստներից», - Էմանյուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ զրույցում ասել է Վլադիմիր Պուտինը։
Կրեմլի ղեկավարը շեշտել է, որ աշխարհում պարենային լարվածության նվազեցմանը կարող է օգնել նաև ռուսական պարարտանյութերի և գյուղմթերքների մատակարարումների ավելացումը, սակայն դա «պահանջում է վերացնել համապատասխան պատժամիջոցները»։
Ուկրաինան ցորենի, եգիպտացորենի և արևածաղկի ձեթի աշխարհի խոշորագույն արտահանողներից է։ Միջազգային հանրությունը Ռուսաստանին կոչ է անում ապաշրջափակել ուկրաինական սևծովյան նավահանգիստները և թույլատրել ուկրաինական հացահատիկի արտահանումը՝ պարենի համաշխարհային ճգնաժամից խուսափելու համար։
Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ զրույցում Ռուսաստանի առաջնորդը նախազգուշացրել է Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացման մասին՝ պնդելով, որ դրանք կարող են է՛լ ավելի ապակայունացնել իրավիճակը: Ուկրաինային զենքի շարունակական մատակարարումները «վտանգավոր են», -Պուտինի խոսքերն է մեջբերում Կրեմլի լրատվականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով բարձրանում են հացահատիկի գները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական նավահանգիստներում առնվազն 70 նավ մնում է արգելափակված