Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներսում մասնավորապես Ռուսաստանի և Ղազախստանի միջև տարաձայնություններ կան հացահատիկի ներմուծման և արտահանման հետ կապված հարցերում:
Ռուսաստանում այս տարի ռեկորդային բարձր բերք է սպասվում, բայց Մոսկվան վախենում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները ներքին գներով կգնեն ռուսաստանյան ցորենը և կարտահանեն երրորդ երկրներ: Դա կանխելու համար Ռուսաստանն առաջարկում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները հացահատիկի արտահանման քվոտաներ սահմանեն՝ ամրագրեն արտահանման ծավալները, ինչպես նաև մաքսատուրք սահմանեն:
“Коммерсантъ”-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ այդ հարցերը քննարկվել են մայիսի 20-ին տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում: Ռուսաստանը պնդել է վերոնշյալ առաջարկները:
Առնվազն մինչև հունիսի 30-ը Ռուսաստանն արգելք է դրել ԵԱՏՄ անդամ երկրներ հացահատիկի արտահանման վրա: Նման որոշման պատճառը հիմնականում այն է, որ Ղազախստանը Սիբիրի ցորենի ակտիվ գնումներ էր կատարում: Սիբիրյան ցորենը վաճառվում է մեկ տոննան միջինը 18 հազար ռուբլով՝ ներառյալ ԱԱՀ-ը, ինչը 5 հազար ռուբլով էժան է Ղազախստանի ցորենից: Ռուսաստանի քայլը դժգոհություն է առաջացրել Ղազախստանում, այն գնահատվել է որպես խտրական վերաբերմունք, և ի պատասխան՝ Աստանան ցորենի և ալյուրի արտահանման քվոտաներ է սահմանել:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում, ըստ պարբերականի աղբյուրների, ռուսական կողմը նշել է, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն, Ղազախստանը գարու և եգիպտացորենի արտահանման քվոտաներ չունի, ինչպես նաև չկա արտահանման մաքսատուրք, և արդյունքում երկու երկրների ներքին շուկաներում գների տարբերություն կա:
Դեռ անցյալ տարի ԵԱՏՄ անդամ երկրները պլանավորում էին միասնական մոտեցում որդեգրել՝ սահմանափակելու ցորենի, վարսակի, եգիպտացորենի, արևածաղկի և մի շարք այլ ապրանքների արտահանումը, բայց այդ գաղափարը չիրականացվեց:
Վկայակոչելով իր աղբյուրները՝ “Коммерсантъ”-ը գրել է, թե Հայաստանը և Ղրղըզստանը մաքսատուրքերի և քվոտաների մասին որոշումներ են պատրաստում, Բելառուսը ցորենի արտահանումն ամբողջովին արգելել է, Ղազախստանը դեմ է մաքսատուրքին՝ համարելով, որ այն կարող է խանգարել տեղացի գյուղատնտեսներին՝ կատարելու միջազգայնորեն իրենց ստանձնած պարտավորությունները:
Գյուղատնտեսական շուկայի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Ռիլկոյի կարծիքով՝ ԵԱՀԿ արտաքին կոնտուրներով հացահատիկի արտահանման կանոնակարգումը ճիշտ է, բայց իրականացումը կարող է խնդրահարույց լինել առանձին երկրների անհամաձայնությունների պատճառով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ավելի վաղ «Ինտերֆաքս»-ին ասել են, որ ԵԱՏՄ անդամների կողմից վերջին շրջանում առևտի սահմանափակումները ստիպված քայլ է: Բայց չնայած տնտեսական անբարենպաստ ընթացիկ իրավիճակին, հանձնաժողովը շարունակում է աշխատել, որ ԵԱՏՄ ներքին շուկան գործի անխափան։