Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մայիսի 27-ին հունգարացի պաշտոնակից Վիկտոր Օրբանի հետ քննարկել է Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրման վրա էմբարգո սահմանելու հնարավորությունը:
«Վարչապետն ընդունել է, որ որոշ պետություններ կհայտնվեն բարդ պայմաններում, փորձելով ապահովել էներգակիրների մատակարարումը, սակայն հույս է հայտնել, որ Եվրոպական միությունը կկարողանա հաստատել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթը, քանի որ այն չափազանց մեծ նշանակություն ունի Ուկրաինայում պատերազմը հնարավորինս արագ ավարտելու համար», - ասվում է Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Բրիտանիայի վարչապետն ընդգծել է Ռուսաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու անհրաժեշտությունը:
«Երկու ղեկավարները համաձայնել են, որ Եվրոպայում էներգետիկ անվտանգությունը և ներքին կայունությունը կենսական նշանակություն ունեն, իսկ Ուկրաինայում անվերջանալի առճակատումը սոսկ կհանգեցնի նոր տառապանքների», - ասվում է հաղորդագրությունում:
Հունգարիան մի քանի առիթներով նշել է, որ հրաժարումը ռուսական նավթից կառաջացնի ծանրագույն տնտեսական ճգնաժամ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը կարող է էմբարգո սահմանել ռուսական նավթի վրա, սակայն բացառություն անել Հունգարիայի համար