Երևանցիների բնակարաններում հավաքվող տարեկան ավելի քան 350 հազար տոննա աղբը Սովետաշենի աղբավայրում է կուտակվում։ Շուրջ 53 հեկտար տարածքում պլաստիկին տեղ ու դադար չկա։
Տասնամյակների ընթացքում Սովետաշենում հազարավոր տոննաների պոլիէթիլեն է կուտակվել, իսկ այս նյութի դեմ անգամ բնությունը պայքարել չի կարողանում։ Պլաստիկի քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, այրելն էլ տարբերակ չէ՝ թունավոր գազեր են արտազատվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած արգելքին՝ մանր ու խոշոր առևտրային ցանցերում պոլիէթիլենային տոպրակներից դեռ չեն հրաժարվելՊլաստիկի անդառնալի վնասը նվազեցնելու համար իշխանությունները օրենք ընդունեցին, որով այս տարեսկզբից արգելվեց բարակ՝ մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքը։ Գրեթե կես տարի անց, սակայն, խանութներում ու շուկաներում շարունակվում է պոլիէթիլենի մասսշտաբային կիրառումը։ Պարզապես այժմ խանութներում առաջարկում են ավելի հաստ տոպրակներ, որոնք արգելված չեն։ Առևտրի կետերում դրանք վաճառվում են 40-50 դրամով։ Շուկաներում էլ կարծես այս օրենքի մասին ոչ ոք տեղյակ չէ, ազատ տրամադրվում են նաև արգելված՝ բարակ տոպրակները։
Օրենքը մշակած շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է՝ այժմ վաճառվող հաստ տոպրակներով կարելի է մի քանի անգամ առևտրի գնալ, վերամշակումն էլ ավելի հեշտ է։
Արդյո՞ք քաղաքացիները հենց այսպես են վարվում։ «Ազատության» հետ զրույցներում շատերը չէին թաքցնում՝ գնում են 50 դրամանոց տոպրակները, հետո նետում աղբամանը։ Ստացվում է՝ Սովետաշենի աղբավայրում այժմ պարզապես ավելի հաստ պլաստիկ է հավաքվում։ Այնինչ, օրենքի նպատակը այդ նյութի կիրառումը նվազեցնելն էր։
Պլաստիկը վնաս է՝ լինի հաստ, թե բարակ, ասում է Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը։ Պաշտոնյան համաձայն չէ, որ օրենքի ընդունումն արդյունք չի տվել։ Պնդում է՝ Հայաստանում արտադրվող տոպրակների քանակը նվազել է. - «Մենք պարբերաբար աշխատանքային կարգով հանդիպումներ ենք ունենում պլաստիկ տոպրակ արտադրող ընկերությունների հետ, և ըստ իրենց տեղեկատվության, մոտ վաթսուն տոկոսով կրճատվել է թիրախային խմբի տոպրակների քանակը»։
Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները, մինչդեռ, ուղիղ հակառակի մասին են վկայում. պոլիէթիլենային տոպրակների արտադրության ծավալները կրկնապատկվել են, եթե 2021-ի առաջին եռամսյակում արտադրվել էր շուրջ 1200 տոննա տոպրակ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում թիվը մոտ է 2600 տոննային։
Հաջորդ հարցն այստեղ վերահսկողությունն է։ Այդ խնդիրը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա, նրանք պետք է հետևեն՝ արդոք տնտեսվարողները հետևում են օրենքի պահանջին, թե ոչ։ Այնինչ կառավարությունն էլ չի թաքնում՝ անհրաժեշտ վերահսկողություն դեռ չկա։
«Բավարար չափով չի իրականացվում հսկողությունը, քանի որ անհրաժեշտ ա ձեռք բերել միկրոմետր կոչվող չափիչ սարքեր», - ասում է Ղավալյանը։
Բազմաթիվ զարգացած երկրներ պլաստիկի դեմ պայքարում են արդեն երկար տարիներ։ Հայաստանում օրենքի այս պահանջը գրեթե չվերահսկող իշխանությունները նախատեսում են 2024-ից արգելել նաև մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքը։ Թե այս ընթացքում դեռ քանի հազար տոննա պլաստիկ կհայտնվի Երևանի սրտից ընդամենը 15 կիլոմետր հեռու աղբավայրում, հարցը մնում է բաց։