Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող շարժման առաջնորդների Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում դարձյալ հայտարարել է, որ իրենք ունեն գործողությունների հստակ ծրագիր։
Նրա խոսքով, անհրաժեշտ է ավելացնել ճնշումը, ավելի հուժկու դարձնել անհնազանդության ակցիաները. - «Խնդիրը պետական ինստիտուտների շրջափակումն էր, և այո, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները շուրջ երեք ժամ երկու պետական կարևոր հաստատություն շրջափակել են, ըստ էության՝ կասեցրել տվյալ հաստատության աշխատանքը, և մեր առջև դրված խնդիրը ամբողջությամբ լուծել են։ Դրանից առաջ նույնը տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարության շենքի հետ կապված և այլ նախարարությունների։ Կգա ժամանակը, օրը, երբ կշրջափակվի նաև Կառավարության շենքը։ Մենք ունենք և ծրագրավորված իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները, և ըստ տվյալ օրվա ռեսուրսի, ըստ նպատակահարմարության, որոշում ենք էդ օրը որ շենքը պետք է ենթարկվի շրջափակման և ինչ պահանջներով։ Ե՞րբ է այն օրը... Երբ որ հասնենք այն կրիտիկական կետին, մեր ժողովուրդը ամբողջությամբ ոտքի կանգնի, և ոստիկանությունը այլևս չկարողանա պաշտպանի Նիկոլի իշխանությունը»։