34 օր առաջ Սյունիքի սահմանից գերեվարված շարքային Էդուարդ Մարտիրոսովը վերադարձվել է հայկական կողմին։
«Դեռ Ստեփանակերտում է», - անհամբեր է 19-ամյա զինվորի հայրը՝ Արթուր Մարտիրոսովը։ - «Հըլը չեմ տեսել։ Ինքը Ստեփանակերտից առավոտը զանգեց, ասեց՝ սպասում եմ ավտոյին, որ բերեն Երևան»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը վերադարձվել է հայկական կողմինՊաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ժամկետային զինծառայողը վերադարձվել է բրյուսելյան եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն և Արցախում խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Վոլկովի միջնորդությամբ։
Ընդամենը երեք ու կես ամսվա ծառայողը ադբեջանական կողմում էր հայտնվել Ներքին Հանդ գյուղի մոտ տեղակայված հենակետից։ Բաքուն նրա գերեվարման փաստը հաստատեց, ապա զինծառայողին Բաքվի բանտում այցելեցին Կարմիր խաչի ներկայացուցիչները։
Հայրն ասում է՝ երեկ որդուց երկրորդ նամակն է ստացել, հետո սպասված զանգը եկավ։
Բարձր մակարդակի հանդիպմանը հաջորդեց ընդամենը մեկ հայ գերու վերադարձ։ Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը սա համարում է ծաղր Ադրբեջանի կողմից՝ ուղղված միջնորդ կառույցներին. - «Ադրբեջանը ևս ազդակ է հղում, որ չի ընդունում նրանց կշիռը և հեղինակությունը, և այդ զիջումները կարող են լինել սիմվոլիկ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապաշտպանն անթույլատրելի է համարում Փաշինյանի հայտարարությունը, թե հաստատված 39 հայ գերի է պահվում ԱդրբեջանումՀայ իրավապաշտպանները փաստեր, տեսանյութեր, այլ ապացույցներ ունեն, որ Բաքվի բանտերում 119 հայ գերի է պահվում։ Ադրբեջանը մինչև այժմ պաշտոնապես հաստատել է միայն 39 -ի գերեվարման փաստը։
Երեկ վարչապետ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից հենց այս թիվը՝ 39-ը հնչեցրեց։ Դա, ըստ Սիրանուշ Սահակյանի, անթույլատրելի է քաղաքական, իրավական ու բարոյական տեսանկյունից։
Ադրբեջանի կեղծ թիվը Հայաստանի քաղաքական ամբիոն բերելը, ըստ իրավանբանի, նշանակում է պատասխանատվություն չստանձնել, այն 80 գերիների համար, որոնց գոյությունը Բաքուն հերքում է. — «Քանի որ, մեղմ արտահայտված՝ անունակ են մի փոքր ավելի բարդ խնդիրներ լուծելու տեսանկյունից, չեն ցանկանում պատասխանատվություն հանձնառել բարդ դեպքերով... Իսկ այդ բարդ դեպքերը հենց առնչվում են բռնի անհետացածներին, ովքեր գերեվարվել են, և այժմ նրանց գտնվելու վայրը և հանգամանքները անհայտ են»։
Հենց ադրբեջանական աղբյուրներից տարածված մի տեսանյութում 2020-ի հոկտեմբերից անհետացած Յուրիկ Պողոսյանն է՝ ադրբեջանցի զինվորականներով շրջապատված։ Կինը՝ Լյուբա Մկրտչյանը ճանաչել է նրան, տեսանյութում նաև խոսում է։ Իսկ Բաքուն հերքում է։
«Վիդեոյի մեջ փաստ ա, որ ինքն ա, ոչ մի հատ քերծվածք չկա վրեն։ Դե հիմա Բաքուն չի հաստատում, բայց 200 տոկոսանոց ինքն ա։ Ու ես գիտեմ, որ իմ ամուսինը բանտում ա», - ասում նա։
Անո՞ւնդ, հարցնում է ադրբեջանցին։ Արսեն, պատասխանում է կամավոր պատերազմ մեկնած ու գերեվարված Արսեն Կարապետյանը։ Տեսանյութում ինքը մենակ է, շփոթելու ոչինչ չկա։ Նրա եղբայրը՝ Վրույր Կարապետյանն ասում է՝ կասկած չկա, եղբայրը ադրբեջանական կողմում է. Բաքուն որքան էլ հերքի, հենց իրենց տեսանյութում է այդ ամենը։ Ոչ մեկին արդեն չի հավատում. - «Սաղ էլ դառել են կեղծավոր մի հատ հայելի, որ չես կարա ճանաչես առհասարակ, թե ով ինչ նպատակ ունի էդ էրեխեքի վրա, ինչ գործողություններ ունեն անելու։ Ամենքը իրանց շահի համար են նստած»։
Մեկ այլ տեսանյութում Կովսականում գերեվարված հայտնի «Քիմիկների զորամասի» պայմանագրայիններն են։ Տղաների շարքում մեջ նաև Անդրանիկ Փիրոյանի որդի Սամվելն է։ «Հոկտեմբերի 21 ից լուր չկա։ Գերիներից մեկը, որ եկել են, ասում ա, որ տեսել են խմբին, որ բռնել-տարել են»։
Անդրանիկ Փիրոյանը չի հասկանում, թե ինչու է Բաքուն հերքում, որ տղան գերեվարված է, չէ՞ որ ապացույցները հենց իրենց տարածած տեսանյութում են։ Նույնքան չի հասկանում, թե ինչու է Փաշինյանը հայ գերիների ադրբեջանական թիվ հրապարակում։ Որդին 30 տարեկան էր, երբ գերեվարվեց, այս մայիսին 32 դարձավ։ Հայրը վստահ է, որ նա ողջ է. - «Ողջ ա, առողջ ա և ինքը վերադառնալու ա։ Ոչ մենակ ինքը, այլ բոլոր տղաները...»: