Հրթիռակոծվել է Զապորոժիեն

Ռուսական զորքերը հրթիռակոծում են Ուկրաինայի տարածքը, արխիվ

Լրատվամիջոցները հայտնում են, որ վաղ առավոտյան Զապորոժիե քաղաքում մի քանի պայթյուն է լսվել։ Օդային ռմբակոծության ազդանշանները հնչել են գիշերը 3:20-ի սահմաններում, պայթյուններ են լսվել առավոտյան ժամը 5-ից հետո:

Ինչպես հայտնել է Զապորոժիեի մարզի ղեկավարությունը իր տելեգրամյան ալիքում, ռուսական զորքերը 4 թևավոր հրթիռ են արձակել քաղաքի ուղղությամբ, դրանցից մեկը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։

«Ներկայումս տուժած տարածքը հետազոտվում է, և դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները»,- ասվում է հաղորդագրությունում։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։

Զապորոժիեն Ուկրաինայի հարավի խոշորագույն վարչական, արդյունաբերական և մշակութային կենտրոններից է: