ԶՈւ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական անփութություն դրսևորելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ Քննչական կոմիտեի վարչությունում քննված քրեական գործով ձեռք են բերվել ռազմական դրության ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ բավարար ապացույցներ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում», երեք սպաներին՝ զորամասի հրամանատար, զորամասի շտաբի պետ, զորամասի համալրման բաժանմունքի պետ, հանցակցության և այլ հոդվածներով: Քրեական գործն ուղարկվել է Սյունիք մարզի դատարան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անհայտ կորած զինվորների ծնողները բավականաչափ խիստ չեն համարում գեներալ Մակարյանին առաջադրված մեղադրանքըԴատախազության փոխանցմամբ, նախաքննությամբ պարզվել է, որ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ա․Մ-ն (Անդրանիկ Մակարյանն), ով 44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության հարավային ուղղության զորախմբի հրամանատարն էր, 2020-ի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08-ի սահմաններում, տեղեկություն ստանալով զորամասի հրամանատար Ա.Ա.-ի խմբի՝ Կովսական քաղաքի սկզբնամասում շրջափակման մեջ հայտնվելու մասին, որպես հրամանատար և մարտական խնդրի կատարման անմիջական պատասխանատու, չի կազմակերպել դեպքի կազմով հետախուզական դարանակալում, որը հնարավորություն կտար հայտնաբերել հակառակորդի շարժման հավանական ուղիները և դիպուկ կրակով ոչնչացնել դիվերսիոն-հետախուզական խմբին։
Ըստ դատախազության, հրաժարվելով Ա.Ա.-ի ղեկավարած խմբի անդամներին օգնության շտապել՝ նա ենթակա անձնակազմին տվել է «նահանջ» հրաման, արդյունքում շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:
Իր հերթին, ինչպես դատախազությունն է նշում, Պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար Ա.Ա.-ն, ռազմական դրության պայմաններում, չի կատարել վերադասի կողմից տրված հանձնարարականը, որի հետևանքով ուղեկցողները ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու խնդիրը, և 2020-ի հոկտեմբերի 21-ին նրանցից մեկը Ա.Ա.-ի ղեկավարած խմբին նախատեսված վայր ուղեկցելու փոխարեն ուղեկցել է մինչև Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ, հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի՝ կրելով վերոնշյալ կորուստները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեղադրանք է առաջադրվել ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին