Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի համոզմամբ` բրյուսելյան երեկվա հանդիպման արդյունքում Շառլ Միշելի տարածած հայտարարությունը տարբերվում է նախորդներից նրանով, որ առաջին անգամ հիշատակում կա Ղարաբաղի մասին: Այս մասին քաղաքագետը նշում է «Ազատության» հետ զրույցում:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
«Ազատություն». Բրյուսելյան հանդիպման արդյունքներով առաջընթաց նկատո՞ւմ եք թերևս ամենաառանցքային հատվածի` խաղաղության պայմանագրի մասով: Ես նկատի ունեմ Բաքվի 5, Երևանի 6 կետերի շուրջ փաթեթ ձևավորելու և սկսելու բանակցություններ:
Տիգրան Գրիգորյան. - Հանդիպման արդյունքում Շառլ Միշելի տարածած այս հայտարարությունը տարբերվում է նախորդներից նրանով, որ առաջին անգամ հիշատակում կա Ղարաբաղի մասին: Գիտենք, որ նախորդ երկու հայտարարությունների մեջ ընդհանրապես որևէ հիշատակում չկար, սակայն այստեղ կա մի մանրուք, եթե ուշադրություն եք դարձրել, Շառլ Միշելն օգտագործել է ոչ թե «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, այլ «Ղարաբաղ» եզրույթը: Գիտենք, որ Ադրբեջանը պատերազմի ավարտից հետո հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ նույնիսկ վարչատարածքային միավոր գոյություն չունի, իսկ «Ղարաբաղ» եզրույթը շատ լայն է իր բովանդակությամբ: Օրինակ` Ադրբեջանում գոյություն ունի ղարաբաղյան տնտեսական գոտի, որն իր մեջ ներառում է ոչ միայն նախկին ԼՂԻՄ տարածքը, այլ նաև շատ այլ տարածքներ, այդ թվում նաև օրինակ` Թերթերի շրջանը:
Սա նշանակում է, որ մեծ հաշվով նույնիսկ այս ձևակերպմամբ, երբ որ խոսում է Ղարաբաղի ժողովրդի, բնակչության իրավունքների անվտանգության մասին, այնուամենայնիվ, ադրբեջանական մոտեցումն է, օրակարգն է օգտագործում, որովհետև մեծ հաշվով մեծ տարբերություն չկա այս ձևակերպման մեջ, և եթե օրինակ օգտագործվեր Ադրբեջանի հայ բնակչության իրավունքներն, անվտանգության հարցերը պետք է բանակցվեն, չգիտեմ, լուծումներ գտնվեն:
Այդ առումով մի կողմից, այո, դրական է, որ վերջապես, մեծ հաշվով, Եվրոպական խորհրդի նախագահը հիշել է Ղարաբաղի և Ղարաբաղի բնակչության վերաբերյալ, բայց այս ձևակերպումը, մեծ հաշվով, տեղավորվում է այսպես կոչված` իջեցված նշաձողի այդ տրամաբանության մեջ, այսինքն` խոսքը գնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո որևէ երաշխիքների անվտանգության, օրինակ, ապահովման կամ իրավունքների ապահովման, և ինչպես տեսանք, նաև կարգավիճակի մասին խոսք չկար, նույնիսկ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակի:
«Ազատություն». - Այսինքն` երբ նա ասում է «էթնիկ հայ բնակչության իրավունքներ, անվտանգություն», ամենևին նկատի չունի՞ ինքնորոշման սկզբունք, ինչպես Դուք ասացիք, կարգավիճակ: Ես էլ չեմ ասում անկախություն և այլն:
Տիգրան Գրիգորյան. - Այո, այսինքն` եթե ինքնորոշման մասին խոսք լիներ, այնտեղ կոնկրետ տերմինաբանություն կօգտագործվեր, Լեռնային Ղարաբաղ առնվազն կնշվեր, իսկ Ղարաբաղը, ինչպես նշեցի, շատ լայն հասկացություն է: Բացի այդ, սա, կարծում եմ, իհարկե, որոշակի զիջում էր Փաշինյանին, որովհետև Փաշինյանը երևի պնդել է, որ Ղարաբաղի վերաբերյալ որոշակի կետեր լինեն, սակայն դժվար է ասել, թե արդյոք օրինակ` Ադրբեջանը ընդունում է Հայաստանի կողմից հրապարակված այդ 6 կետերը, որոնց մեջ առանցքյաին նշանակություն ունի հենց Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հարցը: