Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ ԱԽ քարտուղար

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ոչ, որովհետև, օրինակ՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ եւ բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաև մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետեւաբար որեւէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն», - ընդգծել է Գրիգորյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը չի հստակեցնում, թե ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Ալիևի հետ բանակցելու Օրերս հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ նախատեսվում է Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը: Պաշտոնական Երևանը չի հստակեցնում, թե ինչ օրակարգով է Հայաստանի վարչապետը այս կիրակի մեկնում Բրյուսել՝ բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ։

ԱԽ քարտուղարը «առնվազն տարօրինակ» է որակել հնչող քննադատությունը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում՝ նշելով, որ Ադրբեջանի հետ քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է:

«Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր եւ Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի եւ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում», - ասել է Արմեն Գրիգորյանը: