Միացյալ Նահանգների նախագահը չի պատրաստվում մեկնել Թուրքիա՝ համոզելու Անկարային հավանություն տալ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Ջո Բայդենը, սակայն, այս հարցում լավատես է։
Մինչդեռ Թուրքիայի նախագահը այսօր վերստին պնդել է՝ իրենց դիրքորոշումը չեն փոխելու, դեմ են սկանդինավյան երկու երկրների անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին. - «Մենք վճռականորեն շարունակելու ենք մեր քաղաքականություն և մեր գործընկերներին տեղեկացրել ենք, որ չենք համաձայնելու Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շվեդիան և Ֆինլանդիան այսօր պաշտոնապես դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցության համարՉնայած տարաձայնություններին, Անկարան ու Վաշինգտոնը նախօրեին վերահաստատել են պատրաստակամությունը խորացնելու երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը։ Երկու երկրների արտգործնախարարները Նյու Յորքում երեկվա հանդիպումից հետո հայտարարել են պաշտպանության, առևտրի, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկ ու պարենային անվտանգության շուրջ շփումներն ակտիվացնելու մասին։
Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են նաև իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում, հպանցիկ անդրադարձել հայ-թուրքական կարգավորմանը:
«Շատ այլ մարտահրավերներ էլ կան, որոնց միասին ենք դիմակայում և գուցե նաև հնարավորություններ կան, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Մենք առիթ կունենանք դրա մասին խոսելու։ Պատրաստ ենք խոսել նաև մեր տնտեսական հարաբերությունների ու գործընկերության հետագա ամրապնդման ու զարգացման մասին», հայտարարել է Բլինքենը:
Թուրքիայի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները նաև խոսել են ՆԱՏՕ-ի նոր անդամներով համալրման հարցում առաջացած տարաձայնությունների մասին: Չավուշօղլուն պնդել է, որ Անկարայի մտահոգություններն արդարացի են և դաշնակիցները պետք է փարատեն դրանք:
«Թուրքիան մինչև պատերազմն էր կողմ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը: Բայց ինչ վերաբերում է հավանական թեկնածուներին և անդամակցությանը արդեն հավակնող երկրներին, ապա մենք լեգիտիմ մտավախություններ ունենք անվտանգության հարցում, որ նրանք աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին, ինչպես նաև այդ երկրները արգելում են մեր պաշտպանական արտադրանքի արտահանումը», - ընդգծել է Չավուշօղլուն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան չի պատրաստվում աջակցել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Թուրքիայի նախագահը դեռ անցած շաբաթ էր հայտարարել, որ Անկարան չի աջակցում Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի մտադրությանը: Թայիփ Էրդողանը սկանդինավյան երկրներին մեղադրել էր քուրդ զինյալներին և Թուրքիայում ահաբեկիչ համարվող այլ անձանց ապաստանելու համար:
Անկարան մասնավորապես պահանջում է արտահանձնել Շվեդիայում ու Ֆինլանդիայում ապաստանած 33 անձի: Նրանցից մեկը թուրք հայտնի մտավորական, գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն է, որ 2012-ից ապաստանել է Շվեդիայում: Զարաքոլուն, որ մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու և քրդական զինված խմբավորումների հետ կապ ունենալու» համար, շվեդական «Expressen» պարբերականի հետ զրույցում ասել է՝ եթե Թուրքիա մտնի, անմիջապես կբանտարկվի և շատ երկար այդտեղից դուրս չի գա:
2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից Հակոբ Մեղապարտի անվան մեդալին արժանացած թուրք վտարանդի գրողը, սակայն, վստահ է, որ Շվեդիան սկզբունքներին հավատարիմ երկիր է և տեղի չի տա Անկարայի ճնշմանը: