Ռուսաստանի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել «Ազովստալի» գերիների պահման վայրից

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր տեսանյութ է հրապարակել Նովոազովսկի մեկուսարանից, որտեղ պահվում են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից դուրս եկած ուկրաինացի զինվորականները։

Նրանք չեն դժգոհում պայմաններից։ Ստանիսլավ Պլեշչենկո ներկայացած ուկրաինացի զինվորականն ասել է, որ իրենց կերակրում են, ճաշարան են տարել, սուպ, կաշա տվել։ Բոլորի համար քնելու տեղ կա, ծածկոցներ, ներքնակ։

«Վիրավոր ունենք, սպասում ենք բժիշկի, խոստացել են, որ հիմա կգա։ Վիրակապը փոխելու ժամանակն է», - ասել է նա։

Ուկրաինացի զինվորականների բավարար վիճակը ցույց տվող Ռուսաստանի պաշտպանության նախարարության ակնհայտորեն քարոզչական այդ տեսանյութում մի քանի հոգի ևս խոսում են, կրկնելով, որ իրենց սպասվածից լավ են պահում, կերակրում են, դժգոհություններ չունեն։

Բժշկական ծառայության լեյտենանտ Դենիս Զայդուկն ասել է, որ ծանր վիրավորներին տեղափոխել են, համենայն դեպս առաջին էտապում, որտեղ ինքն էր. «Ինձ հավաստիացրել են, որ բոլորին վիրակապել են, հուսով եմ՝ ինչ-որ ձևով նրանց բուժումը կշարունակի»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտնած տվյալներով՝ «Ազովստալից» դուրս եկած ուկրաինացի զինվորականներից 80-ը վիրավոր են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կարմիր Խաչը կհետևի «Ազովստալ»-ից ռազմագերիների ճակատագրին

Նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ «Ազովստալից» ևս 771 ուկրաինացի զինվորական գերի է հանձնվել։ Նրա խոսքերով՝ «մայիսի 16-ց մինչ հիմա 1730 գրոհային վայր է դրել զենքը և հանձնվել, նրանց թվում 80-ը վիրավոր են, որոնց տեղափոխել են Դոնեցկի և Նովոազովսկի հիվանդանոցներ»։

Ամենօրյա հերթական բրիֆինգում նա ներկայացրել է նաև ռուսական ուժերի վերջին գործողությունները, ասելով, որ հակաօդային պաշտպանության համակարգերը վերջին օրվա ընթացքում 15 անօդաչու թռչող սարք ու հրթիռ են խոցել, որոնցից մեկը «Բայրաքթար» էր։ Հրթիռային զորքն ու հրետանին 295 հարված են հասցրել ուկրաինական բանակի կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կուտակումներին։ Իսկ ավիահարվածներով ոչնչացվել են 340 ազգայնականներ, շարքից դուրս է բերվել 62 ռազմական տեխնիկա։

Ըստ ուկրաինական կողմի, ռուսական ուժերը Խարկովի ուղղությամբ փորձում են հակագրոհների դիմել

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հաղորդել է, որ ռուսական ուժերը Խարկովի ուղղությամբ փորձում են հակագրոհների դիմել՝ կորցրած դիրքերը հետ բերելու նպատակով։ Դիվերսիոն-հետախուզական խմբեր են գործում:

Դոնբասի տարածաշրջանում ռուսական ուժերը մի քանի ուղղություներով գրահեր են ձեռնարակել, սակայն կորուստներ կրելով հետ են մղվել։

Խերսոնի մարզում Ռուսաստանի 107-րդ հրաձգային գումարտակի կեսը շարքից դուրս է եկել, այն համալրվել է 260 զինծառայողներով, որոնք նախկինում տեղակայված էին Խարկովի մոտ։

Նշենք, որ պատերազմական գործողությունների պայմաններում թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական կողմի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Ըստ բրիտանական ռազմական հետախուզության՝ Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերի հրամանատարը պաշտոնակ է արվել անհաջողությունների պատճառով

Դոնեցկի իշխանությունները հայտնում են, որ ուկրաինական կողմից հրետակոծվել է Կույբիշևսկի շրջանը, որի հետևանքով մեկ բնակիչ է զոհվել, երկուսը վիրավորվել են։

Ռուսաստանի տարածքում, Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարավոյտը առավոտյան հայտնել է, որ ուկրաինական կողմից գնդակոծվել է Տետկինո գյուղի սպիրտի գործարանը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել՝ բեռնատարի վարորդը, ով հումք էր տեղափոխում գործարան։

Ըստ բրիտանական ռազմական հետախուզության՝ Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կիսելը պաշտոնակ է արվել անհաջողությունների պատճառով։ Պաշտոնանկ է արվել նաև փոխծովակալ Իգոր Օսիպովը «Մոսկվա» հածանավի կործանման պատճառով։

Բրիտանական հետախուզության այս լուրերը հաստատող պաշտոնական հաղորդագրություններ չկան։

Խարկովում այսօր տապալել են Նովգորոդի և Վլադիմիրի մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու արձանը։ Բեռնատարը ճոպանով քաշել, պատվանդանից ցած է գցել արձանը։ Տապալված արձանի գլուխը ջարդվել է։