Այս երկուշաբթի առավոտյան Հայաստանում խափանումներ են գրանցվել լայն տարածում գտած Telegram հավելվածի աշխատանքում։ Նույն օրը երեկոյան խափանվել է նաև Signal մեսինջերի աշխատանքը, «Ազատության» հետ զրույցում ասաց CyberHub-ի համահիմնադիր Արթուր Պապյանը։
CyberHub-ը կիբերանվտանգությամբ զբաղվող կազմակերպություն է, որի հատուկ ծրագիրը Telegram-ի կապուղում խափանումները արձանագրել է մայիսի 16-ի առավոտյան 9։05-ին և 9։32-ին։
«Դա կարող է նշանակել, որ օրինակ՝ կապ չկա, արգելափակման փորձ կա, դա կարող է նշանակել, որ ուղղակի տեխնիկական ինչ-որ խնդիր է առաջացել Telegram-ում կամ որևէ օպերատորի մոտ: Կոնկրետ մեր ֆիքսած դեպքը «Վիվասել»-ի ցանցում էր: Ամեն դեպքում պետք է հասկանանք, որ մեր սերվերը կես ժամը մեկ նայում է մոտ 200 տարբեր ծառայություններ և թարմացնում է: Այսինքն եթե այդ ժամանակահատվածում երկու անգամ գրանցվել է նման անոմալիա, դա կարող է նշանակվել, որ մոտավորապես կես ժամվա ընթացքում կապի խնդիրներ եղել են քիչ թե շատ», - ասաց Արթուր Պապյանը:
«Վիվա-ՄՏՍ» ընկերությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց կողմից «Telegram, Signal կամ որևիցե այլ մեսենջերի արգելափակմանը կամ գործունեությանը միջամտելուն ուղղված որևիցե գործողություն չի իրականացվել»: Միաժամանակ հավելեցին, թե «վերջին օրերին բջջային ցանցը գործում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչն առավել պիկ ժամերին նաև անդրադառնում է ինտերնետի հետ կապված՝ առավել շատ օգտագործվող ծառայությունների աշխատանքի վրա»:
«Արդեն երեկոյան՝ 5:45 նաև նմանատիպ խափանում է արձանագրվել Signal մեսինջերի աշխատանքում և միևնույն ժամանակ, օրինակ, WhatsApp-ում կամ Facebook մեսինջերում նման բան չի արձանագրվել զուգահեռ: Ավելին՝ մենք ուսումնասիրել ենք և կարծես ամբողջ աշխարհում, այլ երկրներում նման խափանումների մասին հաղորդումներ չկան, հետևաբար կարելի է ենթադրել, որ խնդիրը ոչ թե Telegram-ում է, այլ՝ լոկալիզացված Հայաստանում», - նշեց Պապյանը:
CyberHub-ի համահիմնադիրը քիչ հավանական համարեց, որ փորձ է արվել «կոտրել» և մուտք գործել ինչ-որ մեկի Telegram կամ Signal, քանի որ այդ նպատակով արգելափակել, օրինակ, Telegram-ի գրեթե կես միլիոն հայաստանյան օգտահաշիվները, անիմաստ է։ Այդ դեպքում փորձ կարվեր թիրախավորված «կոտրել» կոնկրետ անձի Telegram-ը կամ Signal-ը։
«Գաղտնիք չէ, երևի այդ մասին շատերն են խոսել, նույնիսկ գրվել է, որ 2018-ին, երբ որ հեղափոխություն էր իրականացվում IT ոլորտի հատկապես աշխատակիցների համար իրենց ցույցերը, արգելափակումները փողոցների կազմակերպելու առումով առաջնային գործիքը Telegram-ն էր: Եվ շատ տարօրինակ զուգադիպություն է, որ մեր սերվերը, որը մի տարի շարունակ ամեն կես ժամը մեկ այսպիսի չափումներ է իրականցնում, հենց մայիսի 16-ին, երկուշաբթի օրը, առավոտյան այն ժամին, երբ փողոցը փակելու ընդդիմության ակցիաներն էին, այսպիսի խափանում է արձանագրում: Նույնն էլ, ասենք, Signal-ը շատ հաճախ օգտագործվում է հայաստանյան քաղաքական գործիչների կողմից, որովհետև Signal-ը հայտնի է նրանով, որ այն շատ դժվար է կոտրել և գաղտնալսել և գաղտնիք չէ, որ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր քաղաքական գործիչները շատ ակտիվորեն օգտագործում են Signal-ը», - ընդգծեց Արթուր Պապյանը:
ԱԱԾ-ն քննություն չի իրականացրել Pegasus և Predator լրտեսական ծրագրերի վերաբերյալ
Նախորդ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանի մոտ երկու տասնյակ քաղաքացիներ թիրախավորվել են բջջային հեռախոսների համար նախատեսված Pegasus լրտեսական ծրագրի միջոցով։ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նույն այդ ժամանակ հրապարակեց Apple ընկերությունից ստացված զգուշացնող նամակները, ըստ որոնց հնարավոր է նա թիրախավորվել է պետական հովանավորչություն ունեցող ցանցահենների կողմից։ Դրանք, ըստ ԱԱԾ նախկին տնօրենի, կարող են լինել Հայաստանի կամ Ադրբեջանի իշխանությունների պատվերը կատարողներ։
«Այս տարվա սեպտեմբեր- հեկտեմբեր ամիսն միջազգային որակավորում ունեցող տեղեկատվական անվտանգության մասնագետներ իրականացրել են իմ հեռախոսի զննում, փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքերի փաստեր, որ իմ հեռախոսի մեջ տեղադրված է տխրահռչակ Pegasus ծրագիրը», - ասել է ԱԱԾ նախկին տնօրենը:
Վանեցյանն այսօր հրաժարվեց խոսել այս թեմայով՝ պատճառաբանելով, թե «հիմա դրա ժամանակը չէ»։
Անցած տարվա դեկտեմբերին հրապարակվեցին Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը կառավարող Meta կազմակերպության և Citizenlab փորձագիտական խմբի զեկույցները, ըստ որոնց Հայաստանում հայտնաբերվել են բջջային հեռախոսների համար նախատեսված մեկ այլ լրտեսական՝ Citrix ընկերության Predator ծրագրի օգտագործման վկայություններ, թիրախում եղել են քաղաքական գործիչներ ու լրագրողներ:
Ավելի վաղ՝ «Ազատությանը» ԱԱԾ-ից հայտնել էին, թե փաստեր չունեն հայաստանյան քաղաքական գործիչներին, լրագրողներին, ակտիվիստներին լրտեսական ծրագրերով հետևելու մասին և դրա վերաբերյալ քննություն չեն տարել։ Քննություն չեն իրականացրել նաև Արթուր Վանեցյանի հայտարարության առնչությամբ։ Միաժամանակ, հավելել էին, որ հետևողական աշխատանք են իրականացնում Հայաստանի քաղաքացիներին կիբեռհարձակումներից պաշտպանելու ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում գործող լրտեսական ծրագրերով հետևում են քաղաքական գործիչներին, լրագրողներին ու ակտիվիստներին. զեկույց