Ֆրանսիայի հրապարակում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությանը հանրահավաքը: Նրանք երթով շարժվում են ոստիկանության շենքը:
Ակցիայի մասնակիցները ոստիկանապետին երեք պահանջ ունեն ներկայացնելու: Այդ մասին հարթակից հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը: Նա ներկայացրեց՝ պահանջում են, որ բոլոր ոստիկաններին, ովքեր ապօրինություններ են իրականացրել, պատասխանատվության ենթարկեն, պարզեն, թե ով է նման ապօրինություններ կատարելու հրահանգ տվել, ինչպես նաև պահանջում են, որ ոստիկանապետն անձամբ հայտարարություն տարածի և գնահատական հնչեցնի ոստիկանների բիրտ գործողությունների վերաբերյալ:
Սաղաթելյանը նաև նշեց, թե տեղեկություն ունի, որ մեծ թվով ոստիկանների շատ բարձր պարգևավճարներ են փոխանցվել այս օրերի աշխատանքների համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը հանձնառու է օգնել հայ ժողովրդին ժողովրդավարական ապագա կառուցելու գործում. դեսպան Լին ԹրեյսիԱզգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահը նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող շեշտադրումներ հնչեցրեց, անդրադարձավ ԱՄՆ դեսպանի այսօրվա հայտարարությանը, որին ի պատասխան նշեց՝ Նիկոլ Փաշինյանին որևէ զիջումների գնալու մանդատ ժողովուրդը չի տվել:
Անդրադառնալով նրան, որ վաղը Հայաստան է ժամանելու Լիտվայի նախագահը, Իշխան Սաղաթելյանն ասաց՝ նամակ են փոխանցել նրան՝ ասելու, որ Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանության կրող չէ, ժողովուրդը նրան չի վստահում. «Այսօր մենք «Դիմադրության» շարժման անունից նամակ ենք ուղարկել Լիտվայի նախագահին, որը վաղը պատրաստվում է ժամանել Հայաստան. շատ հստակ փոխանցել ենք, որ Նիկոլը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և նա այլևս լեգիտմ չէ»:
Սաղաթելյանն ընդգծեց նաև, որ իրենց համար Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական դաշնակից է, իսկ ԱՄՆ-ը և Եվրամիությունը՝ գործընկերներ:
«Առիթից օգտվելով մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները՝ մեր կարևոր գործընկերները: Ի տարբերություն Նիկոլի՝ մենք Մոսկվայում չենք բամբասում ամերիկացիներից ու եվրոպացիներից, իսկ Վաշինգտոնում և Բրյուսելում՝ Մոսկվայից: Մենք շատ հստակ ձևակերպել ենք մեր օրակարգը և պատկերացնում ենք լիարժեք համագործակցություն:
Կրկին դիմում են հարգարժան դեսպանին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ վերջ տվեք երկակի ստանդարտներին: Դուք լռել եք, երբ օրվա իշխանությունը շրջափակում էր դատարանները, դուք լռում եք տասնյակ քաղբանտարկյալների դեպքում , դուք այսօր լռում եք, երբ ոստիկանությունը ժողովրդի նկատմամբ կիրառում է բռնի և անհամաչափ ուժ: Դուք ձեր լռությամբ նպաստում եք, որպեսզի Հայաստանում լինի բռնապետություն», - հայտարարեց Սաղաթելյանը:
Այսօր առավոտյան ժամը 8-ից սկսած էլ ընդդիմադիրները անհնազանդության ակցիաներ են իրականցրել: Կա 300-ից ավելի բերման ենթարկված: