Առավոտյան մեկնարկած անհնազանդության ակցիաներից բերման է ենթարկվել 400-ից ավելի քաղաքացի

Առավոտից մեկնարկած ընդդիմության անհնազանդության ակցիաներից չորս հարյուրից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, սա բերման ենթարկվածների ամենամեծ թիվն է ընդդիմության սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է՝ ցուցարարների թիվն ավելանում է, դրա համար էլ ոստիկանությունն ավելի շատ քաղաքացիների է բաժիններ տեղափոխում։ Մինչ ոստիկանությունը չի մեկնաբանում հարյուրավոր քաղաքացիների բաժիններ տանելը, ընդդիմադիր պատգամավորը կասկած չունի՝ իշխանությունը ցանկանում է ուժի ցուցադրմամբ հավաքների մասնակցիների թիվը նվազեցնել։

«Ոստիկանությունը 400-ից ավելի թիվ է հրապարակել, կարծում եմ, ավելի շատ են եղել, ուղղակի էնքան ծանրաբեռնված ենք եղել, որ չեն էլ կարողացել գրանցել բոլորին: Դեպք ունենք, որ ավտոբուսը ժամից ավելի քաղաքում պտտվել է, մի քաղմասից գնացել է մյուս քաղմաս, զբաղված են եղել, հետաքննիչները զբաղված են եղել, ոստիկանությունը իր կարողություններից ավելի մեծ բեռ է իր վրա վերցրել», - նշեց Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն մի քանի շաբաթ փողոցային պայքար սկսած ընդդիմադիրները մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներն են փակել, երթեր, նստացույցեր իրականացրել։

Վաղ առավոտյան ցուցարարների մի խումբ փորձեց փակել Խորենացի-Սարգսյան փողոցների խաչմերուկը, րոպեներ անց ոստիկանները բացեցին փողոցը՝ բերման ենթարկելով նրանց մի մասին։

Քաղաքացիները զայրացած են՝ ինչո՞ւ են ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բաժիններ տեղափոխում։ Շեշտում են՝ ակցիաները խաղաղ են, օրենք չեն խախտում. «Քայլում են, իրենց ազատ ցույց անելու իրավունքն են կիրառում»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանն էլ էր ակցիայի մասնակիցների թվում։ Ասաց, որ փորձել է իրավիճակը հանդարտեցնել, ոստիկանները, սակայն, միանգամից անցել են գործողությունների։

«Մենք ունեինք ողջախոհ ժամկետում այստեղ ճանապարհը փակելու, մեր խաղաղ ակցիան իրականացնելու իրավունք: Նույնիսկ բանը չհասավ դրան, որ բանակցեինք և ողջախոհ ժամկետ իմանայինք, սա ոստիկանություն չէ, սա խուլիգանություն է», - ասաց Գալստյանը:

Իշխանությունները չեն ընդունում ընդդիմության մեղադրանքները, թե ոստիկանների գործողություններն անօրինական են, իսկ ակցիաների ժամանակ անհամաչափ ուժ է կիրառվում։ Պնդում են՝ ոստիկանները հասարակական կարգ են պահպանում։

Այսօր առավոտյան քաղաքի մեկ այլ հատվածում էլ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, սակայն նրան ազատ արձակեցին, երբ իմացան՝ պատգամավոր է։ Ցուցարարները ժամանակ առ ժամանակ մի քանի րոպեով փակում էին ճանապարհներն ու քաղաքացիներին կոչ անում միանալ իրենց։

Հանրապետական կուսակցության անդամներն ու համակիրներն էլ քաղաքի այլ հատվածներում էին երթեր իրականացնում, փողոցներ փակում։ Ոստիկաններն այս ակցիայի մասնակիցների մի մասին էլ բերման ենթարկեցին, սկզբում՝ տղամարդկանց մի մասին, որոշ ժամանակ անց էլ՝ կանանց։

Այսօր հավաքի վայրից ձերբակալվել է փողոց փակել փորձող գեներել Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը: Մյուս քաղաքացու մասին կոմիտեն դեռ ոչինչ չի հաղորդում։

Ակցիաներից որոշ ժամանակ անց ուղիղ եթերով ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լիարժեք իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները՝ կան փակ փողոցներ, պնդեց, թե երթևեկությունը կաթվածահար է։ Ընդդիմությունը այսօր երեկոյան կրկին հանրահավաք է հրավիրել Ֆրանիսայի հրապարակում։