Մատչելիության հղումներ

Վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները, բերման է ենթարկվել 414 քաղաքացի


Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարին՝ Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկից, 17-ը մայիսի, 2022թ․
Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարին՝ Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկից, 17-ը մայիսի, 2022թ․

Վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմադիրների անհնազանդության ակցիաները։ Ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում։ Կասկադի հատվածում ոստիկանների ու ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց, ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկեցին փողոցը փակած ցուցարարներին։

Անհնազանդության ակցիայի մասնակիցները փակել էին նաև Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկը, կարճ ժամանակ անց ոստիկաններն այստեղից էլ բոլորին բերման ենթարկեցին։ Հարցին՝ պարզաբանումներ տրվե՞լ են, թե ինչի համար են իրենք բերման ենթարկվում, ցուցարարները պատասխանեցին, որ տեղյակ չեն։

Վիճակը լարված էր նաև Նոր Նորքում, այստեղից էլ բերման ենթարկվածներ կան: Ակցիան գլխավորում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Ոստիկանները նրան ևս փորձում էին բերման ենթարկել, սակայն բաց թողեցին, երբ իմացան, որ պատգամավոր է։

Ժամը 10-ի դրությամբ բերման էր ենթարկվել 155 քաղաքացի։ Կեսօրին մոտ Ոստիկանությունը հայտնեց 286 բերման ենթարկվածի մասին։ Մեկ ժամ անց բերման ենթարկվածներն արդեն 414-ն էին։

Խորհրդարանական ընդդիմությունն արդեն 17-րդ օրն է՝ փողոցում պայքարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Նրանք պայքարը սկսել են Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ պնդելով, թե Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Անհնազանդության ակցիաները երեկ ավտոերթով սկսվեցին։ Երևան մտնող միանգամից մի քանի ուղղություններից ցուցարարները դանդաղ ընթացքով շարժվեցին դեպի կենտրոնական փողոցներ՝ փորձելով կանգնեցնել երթևեկությունը։ Շատ չանցած ոստիկանությունը կասեցրեց ավտոերթը՝ բերման ենթարկելով տասնյակ մասնակիցների։ Երեկ 90-ից ավելի քաղաքացի բերման ենթարկվեց։

XS
SM
MD
LG