Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետը: Գագաթնաժողովը նվիրված է Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակին:
Բացի գագաթնաժողովից, նախատեսված են նաև կազմակերպության անդամ երկրների առաջնորդների աշխատանքային նախաճաշի ձևաչափով շփումներ և երկկողմ բանակցություններ:
Գագաթնաժողովից հետո էլ կկայանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսը:
Սա թերևս ամենամեծ միջազգային միջոցառումն է, որ պետք է անցնի Մոսկվայում Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո: Ռուսաստանի մայրաքաղաք են այցելելու միանգամից հինգ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի ղեկավարները: Հիմնական ինտրիգն էլ ուկրաինական թեման է՝ ի՞նչ հայտարարություններ կհնչեն գագաթնաժողովին:
ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներն այս շուրջ երեք ամսվա ընթացքում պահպանում են չեզոքություն ուկրաինական հարցում, բացառությամբ Բելառուսի, որի տարածքը ռուսական զորքերն օգտագործում են հարձակման համար: Բելառուսական բանակը, սակայն, հակառակ սպասումներին՝ մարտական գործողություններին չի մասնակցում: Պաշտոնական Մինսկը, միաժամանակ, միակն է հետխորհրդային պետություններից, որ հայտարարել է Ռուսաստանին պատերազմում աջակցելու մասին:
ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին անսպասելի հայտարարություն էր արել Բելառուսի պաշտպանության նախարարը՝ ասելով, թե կազմակերպությունն առաջիկա տարիներին կընդլայնվի: Վիկտոր Խրենինի խոսքով՝ մի քանի տարի անց ՀԱՊԿ-ը կընդգրկի տասնյակ երկրներ: Ինչ երկրների հաշվին պետք է ընդլայնվի ՀԱՊԿ-ը՝ Բելառուսի ռազմական գերատեսչության ղեկավարը չի ասել:
Մինչ Մինսկը խոսում է կազմակերպության ընդլայնման մասին, մինչև Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանի ամենակարևոր դաշնակիցներից մեկը համարվող՝ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը գագաթնաժողովի նախօրեին Թուրքիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր է ստորագրել:
Վերջին շրջանում ռուսաստանցի փորձագետներն ահազանգում են՝ մինչ Մոսկվան զբաղված է «հատուկ գործողությամբ» Ուկրաինայում, Անկարան ակնհայտորեն մեծացնում է իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, մասնավորապես՝ թյուրքալեզու Ղազախստանում և Ուզբեկստանում: