Այսօր ձերբակալվել է վարչապետի շարասյունն ուղեկցող Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային վարորդը, որն ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի կնոջը։
Դատարանն այժմ ուսումնասիրում է նրան կալանավորելու միջնորդությունը։ Մեղադրվող ոստիկանի փաստաբան Ռուբեն Բալոյանը դատարանից ժամանակ է խնդրել առարկություններ ներկայացնելու համար։
Վարչապետին ուղեկցող ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը հղի կնոջ վրաերթի գործով առաջին անգամ ձերբակալվել էր դեպքի օրը՝ ապրիլի 26-ին երեկոյան։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի խոսքով, Քննչական կոմիտեն հանցակազմ չէր գտել առաջադրված հոդվածներից մեկի՝ պատահարի վայրը թողնելու մեղադրանքով, այդ հիմնավորմամբ վերացրել էր մեղադրանքը, և վարորդը ստորագրությամբ ազատ էր արձակվել։
Աբրահամյանն ասաց, որ Քննչական կոմիտեն ուժի մեջ է թողել միայն երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Փաշինյանի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդն այսօր կրկին ձերբակալվեց՝ գործը վերահսկող դատախազի ցուցումով. - «Քննիչին ցուցում է տրվել բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների կատարելու վերաբերյալ, այդ թվում՝ մեղադրանք առաջադրել նաև Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի առաջին մասով և դատավարական կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին»»
Արդյո՞ք միայն վարչապետին ուղեկցող շարասյան առաջին մեքենայի վարորդն է կատարվածի մեղավորը։ Արդյո՞ք Լեո-Պարոնյան խաչմերուկը պատշաճ կազմակերպված էր երկրի ղեկավարի շարասյան անցման համար։ Արդյո՞ք չի թերացել տեղում աշխատող տեսուչը, ով վրաերթի ենթարկված 29-ամյա հղի կնոջից մի քանի մետրի վրա էր։ Ինչպե՞ս է Սոնա Մնացականյանը հայտնվել շարասյան առջևում ու մահացու հարված ստացել... Այս բոլոր հարցերը կքննվեն դատարանում։ Մինչև այդ, մեղադրյալի կարգավիճակ ունեցող վարորդի փաստաբան Ռուբեն Բալոյանը հորդորում է չքաղաքականացնել դժբախտ պատահարը։
Փաստաբանը պնդում է, թե իր պաշտպանյալը դեպքի վայրը չի լքել, արագությունն էլ չի գերազանցել. - «Դեպքի վայրից, վրաերթից հետո անմիջապես երևի մի փոքր տարածություն ա անցել ըստ իրա արագության, ճանապարհում աջում տեղ ա էղել, կանգառ ա կատարել և փորձել ա ռադիոկապով էս հարցը լուծել, քանի որ հետևից շարասյուն ա էկել։ Ի վերջո, էդ շարասյունը չպիտի կանգնի։ Մենք մոռանում ենք, որ էդ շարասյունը ուղեկցում ա պետության ղեկավարին։ Կա կառավարության որոշում ուղեկցողների հետ կապնված, բացեք նայեք։ Երևան քաղաքի տարածքում թույլատրվում ա ավտոմեքենան վարել 100 կիլոմետր/ժամ արագությամբ, ինքը մոտավորապես էդ արագությամբ էլ ընթացել ա»։
Վարչապետին ուղեկցող շարասյունը, ըստ փաստաբանի, չպետք է կանգնի՝ երկրի ղեկավարի դեմ մահափորձի վտանգները կանխելու համար։ Ասում է՝ ամբողջ աշխարհում է դա ընդունված կարգ։
Մահացած կնոջ՝ Սոնա Մնացականյանի հարազատները նույնպես դեմ են, որ թեման քաղաքականացվի, ասում է ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ Նա չի ընդունում ՃՈ վարորդի փաստաբանի պնդումները, ասում է՝ որտե՞ղ է գրված, որ մարդուն վրաերթի ենթարկելուց հետո շարասյունը պետք է շարունակի իր ճանապարհը։ Նա նաև պնդում է, որ հղի կնոջն անօգնական են թողել ու հեռացել. - «Ճանապարհային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը վարորդին պարտավորեցնում էր տվյալ պահին մնալ դեպքի վայրում, ավելին՝ միջոցներ ձեռնարկել տուժողին մեկ այլ ավտոմեքենայով, նույնիսկ իր ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ուղղությամբ։ Սա վարորդի հստակ պարտականությունն է եղել՝ օրենքով ամրագրված։ Մնացած մեկնաբանությունները, թե գտնվել է ուղեկցման մեջ և այլն, դրանք որևէ իրավական տրամաբանության չեն կարող դիմանալ։ Որևէ կառավարության որոշում չի սահմանում, որ անձին վրաերթի ենթարկելով, մահ պատճառելով պետք է թողնել անօգնական վիճակում, և ամբողջ շարասյունով հեռանալ։ Նման կառավարության որոշում որևէ իրավական պետության մեջ որևէ մեկը չի կարող գտնել»։
Պնդումները, թե ավտովթարի հետևանքով մահացած կինը չի ենթարկվել երթևեկությունը կարգավորող տեսուչի հորդորներին, նրա ընտանիքի փաստաբանն անընդունելի է համարում։ Ասլանյանը պնդում է, որ տեսուչի կողմից արգելք չի եղել, խաչմերուկը փակ չի եղել, իսկ Սոնան նկատել է վառվող կանաչ լույսն ու անցել։
Մեղադրյալի կարգավիճակ ունեցող, ՃՈ երկարամյա աշխատակցի փաստաբանն Բալոյանը հակադարձեց, որ դատարանում ավելի մանրամասն կներկայացնի իր առարկությունները՝ հավելելով սակայն, թե կասկածներ ունի, որ դատարանը հասարակական ճնշման ներքո որոշում կկայացնի։