Ուկրաինայում պատերազմի մեկնարկից երկուս ու կես ամիս անց հայտարարվեց դեպի Ռուսաստան ՆԱՏՕ-ի նոր ընդլայնման մասին, բայց ոչ Ուկրաինայի հաշվին։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը հայտարարել են, որ Ֆինլանդիան պետք է անհապաղ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Նրանց համատեղ հայտարարությունում նշված է․ - «ՆԱՏՕ-ին անդամակցությունը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը և կամրապնդի դաշինքը։ Ֆինլանդիան պետք է անհապաղ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Հուսով ենք, որ առաջիկա օրերին արագ կձեռնարկվեն այս որոշումը կյանքի կոչելու համար անհրաժեշտ քայլերը»։
Երկրի ղեկավարները բացատրել են, որ ժամանակ էր պետք խորհրդարանում և հասարակության մեջ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում համաձայնեցված դիրքորոշում ձևավորելու, ինչպես նաև դաշինքի և Շվեդիայի հետ բոլոր հարցերը քննարկելու համար։ Շվեդիան նույնպես մտադիր է միանալ ՆԱՏՕ-ն։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, որ Ֆինլանդիային ՆԱՏՕ-ում սպասում է ջերմ ընդունելություն և անդամակցության գործընթացն արագ կլինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դմիտրի Պեսկով. «Ռուսաստանը սպառնալիք է համարում Ֆինլանդիայի միացումը ՆԱՏՕ-ին»ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի որոշումը Ռուսաստանի կողմից դիտվում է որպես սպառնալիք, լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մոսկվայի հետագա գործողությունները, Պեսկովի խոսքով, կախված կլինեն նրանից, թե ինչ ձևով կարտահայտվի «ընդլայնման գործընթացը»։
Ֆինլանդիայի ղեկավարների համատեղ հայտարության մեջ մեջ ընդգծված է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Միևնույն ժամանակ երկրի իշխանությունները պնդում են, որ հենց Ռուսաստանն է դրդել Ֆինլանդիային գնալ նման քայլի։
Մոսկվան երկար ժամանակ ասում էր, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամ չլինելը նպաստում է Բալթիկ ծովում կայունությանը, սակայն անցած տարվա վերջից Ռուսաստանի իշխանությունները սկսեցին հայտարարել, թե Ֆինլանդիան և Շվեդիան չեն կարող անդամակցել ՆԱՏՕ-ին։ Եվ սա, Ֆինլանդիայի նախագահի պնդմամբ, փոխեց իրավիճակը. - «Ռուսաստանի Դաշնությունը հայտարարություններով փորձեց ասել, որ մենք չենք կարող ինքնուրույն ինչ-որ բան որոշել։ Սա մեծ փոփոխություն է, դա մեզ ստիպեց մտածել։ Իսկ փետրվարի 24-ը վերջնականապես փոխեց պատկերը, քանի որ պարզ դարձավ, որ Ռուսաստանը կարող է պարզապես հարձակվել իր հարևանի վրա։ Եթե նրանք ինձ հարցնեն, թե ինչպես պատահեց, որ մենք նման որոշում կայացրինք, պատասխանս կլինի՝ դո'ւք ես սրան նպաստել, նայեք հայելու մեջ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միանալով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում»․ ԶախարովաՌուսաստանի ու Ֆինլանդիան միջև սահմանը կազմում է 1325 կմ, և հենց այսքանով ավելանալու է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի սահմանը։
Ուկրաինայի վրա հարձակումը սկսելիս Մոսկվան հայտարարում էր, թե պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստան կանխելն է, և այսօր Մոսկվան փաստացի ստացավ այդ ընդլայնումը, սակայն ոչ Ուկրաինայից, այլ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չեզոք կարգավիճակ ունեցող Ֆինլանդիայից, ում հետ Ռուսաստանը ունի բարդ պատմություն և մինչև վերջին իրադարձություններն ուներ ակտիվ առևտրատնտեսական կապեր։
Հիշեցնեմ ՝ դեռևս հարյուր տարի առաջ Ֆինլանդիան Ռուսական կայսրության կազմում էր, իսկ վերջին անգամ Ռուսաստանը Ֆինլանդիայի հետ պատերազմել էր1939-40 թվականներին։
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Շվեդիայում ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը հասել է 57 տոկոսի, Ֆինլանդիայում՝ ռեկորդային 76 տոկոսի։
Ռուսաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյի նախկին ղեկավար Ռոբերտ Պլեշը «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագրի եթերում ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի այս ընդլայնումը Մոսկվայի սխալ հաշվարկի հետևանք է. - «Սա պարզապես Կրեմլի քաղաքականության ձախողումն է։ Նրանք այսքան տարի ասում էին, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ ՆԱՏՕ-ն չընդլայնվի։ Մինչև Ուկրաինայի պատերազմը Ֆինլանդիայի և Շվեդիայի բնակչության 25 տոկոսն միայն ցանկանում էր անդամակցել ՆԱՏՕ-ին»։
Պլեշի խոսքով, դաշինքի համար Ֆինլանդիայի հայտը լավ նորություն է։ Ռուսաստանի համար Բալթիկ ծովում է'լ ավելի դժվար կլինի ագրեսիվ գործողություններ ձեռնարկել։ Սա կարևոր է ՆԱՏՕ-ի անդամներ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի պաշտպանության համար։