Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի, նախնական տվյալներով, կայցելի Հայաստան: Այդ մասին այսօր Դուշանբեում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում, ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը:
«Մեր օրակարգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպումն է: Կա ըմբռնում, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում՝ հոկտեմբերից դեկտեմբեր, ժամկետները, բնականաբար, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը:
Ապրիլի 19-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ընդունել է Հայաստանի վարչապետի հրավերը՝ այս տարվա երկրորդ կեսին Երևանում մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։
Դուշանբեում հավաքվել են ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
Ակնկալվում է, որ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպում Դուշանբեում