Այսօր Ֆինլանդիան պետք է ի պաշտոնե որոշում կայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ:
Որոշումը երկու փուլով է ընդունվելու: Նախ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն պետք է հրապարակավ հայտարարի, որ կողմ է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գաղափարին, ապա խորհրդարանական խմբավորումները պետք է հավանություն տան հայտ ներկայացնելու առաջարկին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Յենս Ստոլտենբերգ. «Եթե Ֆինլանդիան և Շվեդիան ներկայացնեն ՆԱՏՕ-ին միանալու դիմումներ, ջերմորեն նրանց կընդունենք»Ֆինլանդիայի սահմանադրության համաձայն, արտաքին և անվտանգային քաղաքականությունն իրագործում է նախագահը՝ կառավարության հետ համակարգված եղանակով:
Նախօրեին վարչապետ Սաննա Մարինը հեռավոր Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի հետ զրույցում խոսել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման և ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցելու հնարավորության մասին: Երկու վարչապետերը խոստորեն դատապարտել են ռուսների ագրեսիան:
«Ես ասացի վարչապետ Կիշիդային ՆԱՏՕ-ին միանալու մեր հավանական ծրագրի մասին: Եթե Ֆինլանդիան անի այդ պատմական քայլը, դա կլինի հանուն մեր քաղաքացիների անվտանգության, հանուն միջազգային անվտանգության և մեր արժեքների պաշտպանության», - ասել է Սաննա Մարինը:
Երեկ Շվեդիայում էր Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նա պաշտպանության ոլորտում փոխօգնության պայմանագիր է կնքել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ:
«Պատերազմն Ուկրաինայում մեզ բոլորիս ստիպում է կայացնել վճիռներ, բայց ինքնիշխան պետությունները պետք է ունենան առանց վախի, առանց ճնշումների ենթարկվելու և առանց վրեժխնդրության սպառնալիքի իրենց որոշումներն ընդունելու իրավունք», - ասել է Ջոնսոնը:
Շվեդիան, հավանաբար, նույնպես այս օրերին կհայտարարի ՆԱՏՕ-ին միանալու մասին: Վերլուծաբանների փոխանցմամբ, բրիտանա-շվեդական համաձայնագրի նպատակն է անվտանգության երաշխիքներ տալ Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելուն նախորդող անցումային ժամանակաշրջանում:
«Վարչապետը և ես պայմանավորվել ենք, որ խաղաղության սպառնալիքի, ճգնաժամի և հակամարտությունների պարագաներում, եթե մեր երկրներից մեկը ենթարկվի աղետի կամ հարձակման, Միացյալ Թագավորությունը և Շվեդիան պարտավորվում են օգնել միմյանց», - ասել է Մագդալենա Անդերսոնը:
Երեկ Ջոնսոնը Շվեդիայից մեկնել է Ֆինլանդիա՝ նմանօրինակ պայմանագիր կնքելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան և Շվեդիան քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարըՍկանդինավյան երկու երկրներում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն օրակարգ է բերվել Ուկրաինայի վրա Ռուսաստանի ռազմական հարձակման կապակցությամբ:
Մոսկվան խստորեն դատապարտել է Ֆինլանդիայի և Շվեդիայի այդ մտադրությունը, հայտարարելով, թե ստիպված կլինի ամրապնդել հյուսիս-արևմտյան սահմանները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միանալով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում»․ Զախարովա