Գերմանիայի կառավարության հետ Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետերի դռնփակ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ այդ երկու երկրները դեռ չեն կողմնորոշվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։
Բեռլինում կառավարական հյուրատանն անցկացված հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է․ «եթե այս երկու երկրները որոշեն անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա կարող են ակնկալել մեր աջակցությունը։ Կառավարության անդամները այստեղ անցկացված բանակցություններւմ այդ մասին հստակ հայտարարել են, և կարծում եմ` դա կարևոր ազդակ է»։
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի խոսքերով՝ քանի որ Ռուսաստանը սխալմամբ պնդում է ուրիշների ընտրությունը թելադրելու իրավունքը, ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը էլ ավելի կարևոր է բոլորիս համար։
Նա ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը քննարկվում է խորհրդարանում․ «ՆԱՏՕ-ին միանալու կամ չմիանալու Ֆինլանդիայի որոշումը հիմնված կլինի մեր ընդհանուր անվտանգությանը նպաստելու մեր կամքի վրա»։
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը ասել է, որ Շվեդիայի խորհրդարանը ներկա պահին քաղաքական բոլոր ուժերի հետ վերլուծում է անվտանգային քաղաքականությունը, արդյունքները կներկայացվեն մայիսի 13-ին։
«Վերլուծությունը ներառում է ապագա միջազգային պաշտպանական գործընկերություն Շվեդիայի համար, այդ թվում` քննարկում ՆԱՏՕ-ի հարցով, բոլոր տարբերակները սեղանի վրա են»,- նշել է Շվեդիայի վարչապետը։
ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը Ֆինլանդիան և Շվեդիան սկսեցին քննարկել Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։