Լիտվայի օրենսդիր մարմինը բանաձև է ընդունել, որը Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ ճանաչում է ցեղասպանություն ուկրաինացի ժողովրդի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է լիտվական խորհրդարանի կայքէջը։
Ըստ այդ փաստաթղթի՝ Ռուսաստանը, որի զինվորականները «գիտակցաբար և համակարգված կերպով ընտրում են քաղաքացիական թիրախները ռմբակոծության համար, ահաբեկչությանն աջակցող և ահաբեկչություն իրականացնող պետություն է»։
Լիտվայի Սեյմասը կոչ է անում ՄԱԿ-ին, Եվրոպական խորհրդարանին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովին, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին, օտար պետությունների խորհրդարաններին և կառավարություններին՝ ճանաչել և դատական կարգով պատասխանատվության ենթարկել Ուկրաինայում Ռուսաստանի իրականացրած հանցագործությունները մարդկության դեմ։
Կանադայի, Լատվիայի, Էստոնիայի խորհրդարանները ևս ավելի վաղ բանաձևեր և հայտարարություններ են ընդունել, որոնցում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները որակվում են որպես ցեղասպանություն։
Անցած ամիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում ցեղասպանություն էր անվանել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կանադան Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն անվանել է «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Ուկրաինայում ռուսների գործողությունների վերաբերյալ օգտագործում է «ցեղասպանություն» բառը