Անկլավները՝ Ղազախի շրջանի 7 գյուղեր և Նախիջևանի Քյարքի, այժմ՝ Հայաստանի Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանին վերադարձնելու հարցերը ի թիվս այլ հարցերի պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։
«Այդ հողերը Ադրբեջանի տարածքն են։ Ադրբեջանի վերահսկողությանը այդ տարածքների վերադարձը պահանջում է սահմանազատման գործընթաց, ուստի հարցը կդիտարկվի դրա շրջանակներում։ Այդ հարցերը կքննարկվեն ու կլուծվեն», - «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Խալաֆովը։
44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման թեմային զուգահեռ` օրակարգում հայտնվեց կողմերի միջև անկլավների փոխանակման հարցը: 90-ականների պատերազմից հետո Տավուշի մարզում ադրբեջանական 7 անկլավային գյուղ է մնացել, Արարատի մարզում էլ՝ Տիգրանաշենը, իսկ ադրբեջանական կողմում մնացել է երբեմնի հայաբնակ Արծվաշենը, որ ժամանակին Գեղարքունիքի մարզի կազմում էր։
Օրերս Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Տիգրանաշենից քայլերթի ընթացքում հայտարարել էր, թե իշխանությունները պատրաստվում են հանձնել անկլավները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարզերից քայլերթեր, պետական շենքերի առջև ակցիաներ. ընդդիմությունը շարունակում է փողոցային պայքարըԱրձագանքելով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ մինչև տվյալ պահը անկլավների հարց չի բարձրացվել։ «Կարելի է ասել, որ երկու կողմից էլ քանի որ անկլավ կա, Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռևս չի քննարկվել: Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին», - նշել էր Գրիգորյանը մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կա փոխըմբռնում բանակցելու Բաքվի և Երևանի «5+6» կետերի շուրջ. Գրիգորյան