Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Օդեսայում հրթիռակոծության կապակցությամբ ստիպված ընդհատել է հանդիպումներն ու տեղափոխվել է ռմբապաստարան:
Միշելն Ուկրաինայում վարչապետ Դենիս Շմիգալի հետ քննարկել է Կիևին տնտեսական, մարդասիրական և ռազմական օգնություն տրամադրելու հարցերը: Քննարկմանը Կիևից տեսակապով մասնակցել է նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Այցի ընթացքում անդրադարձ է եղել Եվրամիություն ուկրաինական ցորենի արտահանման և տարբեր բնագավառներում Բրյուսելի կողմից Կիևին սատարելու հարցերին:
«Ուկրաինայի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում զրուցակիցները ստիպված ընդհատել են քննարկումը և իջել են ռմբապաստարան, քանի որ ռուսական ուժերը սկսել են հրթիռակոծել Օդեսան», - ասել է Միշելին ուղեկցող մի պաշտոնյա:
Նրա խոսքով, Միշելը տեսել է ուկրաինական ցորենի բազում տոննաներ, որոնք հնարավոր չէ հիմա դուրս հանել, քանի որ ռուսներն արգելափակել են Ուկրաինայի սևծովյան նավահանգիստները:
Դա, ըստ վերլուծաբանների, խարխլում է ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի պարենային անվտանգությունը:
Եվրոպայի խորհրդի նախագահը նախապես չհայտարարված այց է կատարել Ուկրաինա:
«Ես Եվրոպայի օրը նշելու համար ժամանել եմ Օդեսա՝ քաղաք, որի մասին Պուշկինն ասել է, որ այստեղ կարելի է զգալ Եվրոպան», - հայտարարել է Շառլ Միշելը: