Բրյուսելը խոստանում է մեծացնել ռազմական օգնությունը Մոլդովային, որից անջատվել ձգտող ռուսամետ Մերձդնեստրում վերջին շրջանում մի շարք միջադեպեր են տեղի ունեցել։
«Այս տարի մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել մեր աջակցությունը Մոլդովային՝ զինված ուժերին տրամադրելով լրացուցիչ ռազմական տեխնիկա», - Քիշնևում այսօր հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ առանց մանրամասներ հայտնելու։
Միշելը նաև խոստացել է աջակցել Մոլդովային կիբերհարձակումների և ապատեղեկատվության դեմ պայքարում՝ հավելելով, որ Մերձդնեստրում էսկալացիայից խուսափելը կարևոր է։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, իր հերթին, հայտարարել է, որ երկիրն ունի գործողությունների պլան «հոռետեսական սցենարների» համար, սակայն հավելել է, որ «այս պահին նման վտանգ չեն տեսնում»:
Անցյալ շաբաթ Մերձդնեստրի իշխանությունները մի շարք պայթյունների մասին են հայտնել, որոնց թիրախը, ըստ պնդումների, ռազմավարական նշանակության կառույցներ էին։ Տեղի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ կրակոցներ են հնչել նաև Մերձդնեստրի գյուղերից մեկում, որտեղ զենքի ռուսաստանյան հսկայական պահեստ է տեղակայված։ Մոսկվան այդ միջադեպն «ահաբեկչական գործողություն» է որակել:
Ուկրաինայում պատերազմի ընդլայնման շուրջ մտավախությունն աճել է ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականներից մեկի հայտարարությունից հետո, թե Մոսկվան նպատակ ունի ցամաքային միջանցք ստեղծել Ուկրաինայի հարավով մինչև Մերձդնեստր: