Մարիուպոլից և «Ազովստալ» գործարանի տարածքից մոտ 500 մարդ է դուրս բերվել, առավոտյան հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Այս րոպեներին «Ազովստալ»-ից մեր ժողովրդին փրկելու հերթական փուլը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկությունը կլինի ավելի ուշ», - հավելել է նա իր Տելեգրամ ալիքում գրառման մեջ։
Մարիուպոլից, բայց դեռ ոչ կոնկրետ «Ազովստալ»-ից տարհանումը շարունակելու մասին լուրը հաստատել է նաև Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Նա հորդորել է ցանկացողներին այսօր մինչև կեսօր հավաքվել համապատասխան կետում։
Բացի այդ, Վերեշչուկը գրել է, որ երեկ Մարիուպոլից, ինչպես նաև Բերդյանսկից և մի քանի այլ բնակավայրերից դուրս է բերվել ավելի քան 340 մարդ՝ կանայք, երեխաներ և ծերեր։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեկ Անվտանգության խորհրդին հայտնել է Մարիուպոլից և պաշարված «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչներին տարհանելու երրորդ մարդասիրական օպերացիայի մասին:
«Հուսով եմ, որ Մոսկվայի և Կիևի հետ համակարգման միջոցով մենք կունենանք ավելի շատ մարդասիրական դադարներ, որպեսզի խաղաղ բնակիչները դուրս գան մարտական գոտուց և օգնություն տրամադրվի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն», - ասել է նա:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 21-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ազգայնական «Ազով»-ի մայրաքաղաք» Մարիուպոլը վերցվել է վերահսկողության տակ՝ բացառությամբ «Ազովստալ» ձեռնարկության տարածքի։ Պուտինը նպատակահարմար չի համարել «Ազովստալ»-ի գրոհը և հրամայել է չեղարկել այն։
Ըստ առկա տվյալների՝ գործարանի հսկայական համալիրի տարածքում մնացել են ավելի քան 2 հազար ուկրաինացիներ, ովքեր մերժում են զենքը վայր դնելու առաջարկը, ինչպես նաև հարյուրավոր քաղաքացիական անձինք։ «Ազովստալ»-ից մարդկանց տարհանման խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազովստալում» երկու ամիս շրջափակման մեջ գտնվող 127 խաղաղ բնակիչներ տարհանվել են ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակասական պնդումներ Մոսկվայից և Կիևից՝ «Ազովստալ» գործարանի գրոհի վերաբերյալ