Հռոմի Ֆրանցիսկոս պապը Coriera della Sera իտալական օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե վերջերս տեսակապով զրուցել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ:
Պապի փոխանցմամբ՝ Պատրիարքը 20 րոպե շարունակ, թղթի վրա տպված տեքստ կարդալով, փորձել է արդարացնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը:
Հարցազրույցում Հռոմի պապը պատմել է պատերազմի ավարտին ուղղված իր ապարդյուն ջանքերի մասին:
Պատերազմի առաջին օրը նա զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Հաջորդ օրն այցելել է Ռուսաստանի դեսպանին և ասել, թե պատրաստ է մեկնել Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար:
Ֆրանցիսկոս պապն իտալական պարբերականին նաև ասել է, թե իր համոզմամբ՝ Պատրիարք Կիրիլը դժվար թե ի զորու լինի օգնել պատերազմը կանգնեցնելու հարցում:
Ռուսաց հոգևոր առաջնորդի փաստարկները լսելուց հետո Ֆրանցիսկոս պապն ասել է. - «Եղբայր, մենք պետական չինովնիկներ չենք, մենք չենք կարող օգտագործել քաղաքականության լեզուն, մերը միայն Հիսուսի լեզուն է: Դրա համար մենք պետք է խաղաղության ուղիներ որոնենք»:
Հռոմի պապը կարծիք է հայտնել, թե «Պատրիարքը չպետք է վերածվի Պուտինի տիրացուի»:
Ֆրանցիսկոս պապը նաև ասել է, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից տեղեկացել է, որ Պուտինն, իբր, ցանկանում է ինչ-որ արդյունք ապահովել և այս պատերազմն ավարտել մինչև մայիսի 9-ը:
«Ես լավատես չեմ, բայց մենք պարտավոր ենք ամեն ինչ անել պատերազմն ավարտելու համար»,- ասել է կաթոլիկ հովվապետը Coriera della Sera պարբերականին:
Պատրիարք Կիրիլը բաց տեքստով չի ողջունել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, սակայն պատերազմի մեկնարկից ի վեր հնչեցրել է մի քանի հայտարարություններ, որոնցում եղել է անուղղակի աջակցություն, մասնավորապես՝ նա ասել է, թե «Դոնբասում ընթանում է մետաֆիզիկական պայքար, որի իմաստն այն է, որ Դոնեցկի բնակիչները դեմ են գեյ-շքերթներին»:
Մայիսի 3-ին մատուցած պատարագից հետո Կիրիլը հայտարարել է, թե Ռուսաստանը երբեք որևէ մեկի վրա չի հարձակվել:
«Մենք ոչ մեկի հետ պատերազմելու ցանկություն չունենք, Ռուսաստանը միայն իր սահմաններն է պաշտպանել», - ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը: