Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող, շաբաթներ շարունակ պաշարված Մարիուպոլում մի քանի տասնյակ հայեր կան՝ հիմնականում ծերեր, որոնք չեն ցանկանում լքել իրենց տները, այսօր տեսակապով Կիևից «Ազատությանը» փոխանցեց վերլուծաբան Մարատ Հակոբյանը։
Ուկրաինայի մայրաքաղաքում բնակվող մեր զրուցակցի խոսքով` հայ համայնքի ներկայացուցիչները պարենով ու վառելիքով լի մեքենաներ են պարբերաբար ուղարկում Մարիուպոլ, սակայն մինչ պատերազմը գրեթե կես միլիոն բնակչություն ունեցող քաղաքից հայերի էվակուացիան գործնականում դադարել է։
«Ունենք մոտ երեք տասնյակ զոհ իդենտիֆիկացված, որի հիմնական մասը պարզ է` Մարիուպոլի քաղաքացիական բնակիչներն են, կան նաև տարածքային ջոկատներից և Ուկրաինայի բանակում ծառայող հայազգիներ», - ասաց Մարատ Հակոբյանը:
Ըստ նրա` մինչ պատերազմը գրեթե կես միլիոնանոց հայ համայնքի մոտ տասը տոկոսն է հեռացել Ուկրաինայից՝ շուրջ հինգ հազարը եկել են Հայաստան, մնացածը հանգրվանել է հիմնականում Եվրոպայում։ Տները թողած հայերի մեծ մասը ներքին տեղահանվածներն են, որոնք Ուկրաինայի արևելյան ու հարավային մարզերից տեղափոխվել են երկրի կենտրոնական ու արևմտյան շրջաններ։
Երևանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը մոտավորապես նույն թիվն է նշում՝ պատերազմը սկսվելուց հետո Հայաստան տեղափոխված Ուկրաինայի քաղաքացիների վերաբերյալ. «Չենք խնդրել տրամադրել վերջին թիվը։ Ենթադրում եմ, որ նախորդ շաբաթներին փոքր-ինչ ավելացել է Հայաստան տեղափոխված Ուկրաինայի քաղաքացիների թիվը՝ մոտ չորս հազար։ Ոմանք վերադառնում են Ուկրաինա, ոմանք հնարավորություն են փնտրում մեկնել այլ երկրներ։ Հիմք ենք ընդունում այս թիվը»։
Թե ինչ են ձեռնարկում Հայաստանի իշխանությունները՝ աջակցելու Ուկրաինայում կամ սահմանակից եվրոպական երկրներ տեղափոխված Հայաստանի քաղաքացիներին, Արտգործնախարարությունից փոխանցեցին, որ տեղերում իրավական, խորհրդատվական, հումանիտար որոշակի աջակցությունից զատ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի ու Ռումինիայի իշխանությունների հետ, որ Ուկրաինայի տարածքից այդ երկրներ մուտք գործող Հայաստանի քաղաքացիները կարող են անարգել հատել սահմանը՝ առանց վիզայի և կարող են ԵՄ այդ երկրներում մնալ մինչև 15 օր։ Բացի այդ, գործարկվել է էլեկտրոնային հյուպատոսական համակարգ, որը թույլ է տալիս առցանց ստանալ Հայաստան վերադառնալու համար անհրաժեշտ էլեկտրոնային վկայական, եթե գործող անձնագրերի վավերականության ժամկետը լրացել է։
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի խոսքով` ուկրաինական պատերազմի բռնկումից ի վեր աշխատանքներ են տանում հատկապես արևելաեվրոպական հայ համայնքների հետ, ինչի արդյունքում այդ երկրներում կանգառի հնարավորություններ են ստեղծվել Ուկրաինայից հեռացած հայերի համար, որոշ դեպքերում ինքնաթիռի տոմսեր են գնվել դեպի Հայաստան։
«Այսօր էլ գրասենյակն իրականացնում է Ուկրաինայից ժամանած մեր հայրենակիցների ինտեգրման աջակցության ծրագիր Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության հետ համատեղ 4 կոմպոնենտով` բնակվարձի մասնակից սուբսիդավորում, ուսման վարձի մասնակից սուբսիդավորում, միանվագ աջակցություն և առողջապահական ծախսերի սուբսիդավորում», - տեղեկացրեց Հովհաննես Ալեքսանյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ Ուկրաինայից տեղափոխված մեկ հայ ընտանիքի համար լուծել են կես տարվա բնակվարձի հարցը, ևս երկու ընտանիքի դեպքում հարցի լուծումն ավարտական փուլում է։