Ազգային ժողովի քառօրյան մեկնարկեց առանց ընդդիմադիր պատգամավորների

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը։ Օրակարգում 23 հարց է, այդ թվում՝ Հայաստանի դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։

Ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում նիստին։ Նրանք փողոցային պայքարի միջոցով պահանջում են վարչապետի հրաժարականը՝ պնդելով, թե իշխանությունը պատրաստվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցուցարարները կգիշերեն Ֆրանսիայի հրապարակում, վաղվանից՝ անհնազանդության ակցիաներ

Երեկ «Ազատության» հարցին, թե իրենք մասնակցելո՞ւ են այսօրվա նիստին, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ դրա մասին առանձին հայտարարություն կլինի` ավելի ուշ։

Ապրիլի 12-ին խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց քառօրյան՝ հայտարարելով՝ «մեկնում են Արցախ ու սահմանամերձ մարզեր, այնտեղ, որտեղ երկրի առաջնահերթ օրակարգն է»։ Այդ օրը ընդդիմությունն իշխող ուժին մեղադրեց Հայաստանին ու Արցախին առնչվող իրական օրակարգերը քննարկելու, լուծումներ գտնելու փոխարեն կրավորական կեցվածք ընդունելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի դրոշը` ԱԺ ամբիոնին. ընդդիմությունը բոյկոտում է քառօրյան` մեկնելով Արցախ